ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, շաբաթ ելույթ ունենալով պահպանողական քաղաքական գործողությունների կոնֆերանսի ժամանակ, հայտարարել է, որ հույս ունի համոզիչ հաղթանակ տանել ԱՄՆ-ում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Ես կարծում եմ՝ մենք կրկին կանենք դա 2020 թվականին, եւ թվերն ավելի բարձր կլինեն»,-հայտարարել է նա կոնֆերանսի ընթացքում:
Ելույթի ժամանակ նա շոշափել է նաև «ռուսական հետաքննության» թեման: Ամերիկայի նախագահը կրկին հայտարարել է, որ նրա նախընտրական շտաբը չի ունեցել որեւէ դավադրություն Ռուսաստանի հետ:
«Չկա դավադրություն, չկա մոլորություն»,-հայտարարել է նա՝ ընդգծելով, որ մինչդեռ ՀԴԲ-ում հատուկ գործերով դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը մոտենում է ավարտին, ԱՄՆ ներկայացուցիչների պալատում դեմոկրատները սկսում են նոր վարույթ:
«Դա կեղծիք է, ես գտնում եմ, որ այն երկար կյանք չունի, եւ նրանք (դեմոկրատները) ոչինչ չունեն, դավադրություն չկա: Այդ պատճառով այժմ նրանք նման առաջարկներ են հնչեցնում. « Եկեք հետաքննենք բոլոր համաձայնագրերը, որոնք նա կնքել է, մենք կզբաղվենք նրա ֆինանսներով, կստուգենք նրա համաձայնագրերը, մենք ստուգումներ կանցկացնենք»: Այդ մարդիկ հիվանդ են»,-հայտարարել է Թրամփը:
Նա դժգոհել է, որ անգամ կատակել չի կարող ելույթ ունենալիս մեծ լսարանի առջեւ, քանի որ որոշ ամերիկյան ԶԼՄ-ներ սխալ կմեկնաբանեն նրա խոսքերը:
Նախագահը նաեւ քննադատել է ԱՄՆ-ի նախկին գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին, որն ինքնաբացարկ էր հայտարարել «ռուսական» հետաքննությունից:
«Ինչպե՞ս կարելի է անցնել գործի, այնուհետեւ ինքնաբացարկ հայտարարել: Եթե նա դա աներ նախքան գործն սկսելը, ես նրան կասեի. «Շնորհակալություն, Ջեֆ, բայց ես չեմ ընդունի քեզ: Իսկ դա (ինքնաբացարկը), մեղմ ասած, ազնիվ չէ նախագահի նկատմամբ»,-հայտարարել է Թրամփը:
Բացի այդ, նա անդրադարձել է Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցելու թեմային՝ կրկին հայտարարելով, որ դա անհրաժեշտություն է Կենտրոնական Ամերիկայի երկրներից պոտենցիալ հանցագործների մուտքը ԱՄՆ կանխարգելելու համար:




























