Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում, եւ շարունակելու է գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության բոլոր հարթություններում: Այս մասին մարտի 2-ին Վիեննայում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ հանդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները՝ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ մարտի 5-ին Սոչիում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին:

Էդվարդ Նալբանդյանն այցելել է Վիեննայի Դիվանագիտական Ակադեմիա, որը համարվում է աշխարհում դիվանագետների պատրաստման առաջին կրթօջախներից մեկը: Այստեղ Նալբանդյանը հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության եւ հայ-ավստրիական հարաբերություններին նվիրված ծավալուն ելույթով, որին ներկա էին ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ Վիեննայում հավատարմագրված դեսպաններ:

Երեկոյան նախարար Նալբանդյանն այցելել է Վիեննայում ՀՀ դեսպանատուն, ուր հանդիպում ունեցավ ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի:  
Մարտի 3-ի առավոտյան նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ մշտական խորհրդում:

Օրվա երկրորդ կեսին Հայաստանի արտգործնախարարը Բրատիսլավայում կմասնակցի Արեւելյան գործընկերության անդամ երկրների եւ Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը: