Պետական կառույցներում 2007-2008թ. ընթացքում Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված բոլոր ֆինանսական խախտումները գործնականում ուղղվել են կարճ ժամկետներում: Այդ մասին այսօր, ներկայացնելով Քաղավիացիայի վարչության, Արդարադատության, Ֆինանսների, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների, Սոցներդրումների հիմնադրամի գործունեության ֆինանսական գործունեության հաշվետվությունները, հայտարարել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Ամենաշատ թվով խախտումներ հայտնաբերվել են Քաղավիացիայի վարչության գործունեության մեջ: Ոլորտում ֆինանսական չարաշահումների գումարային չափը կազմում է 11 մլն դրամ, սակայն այդ գումարն ամբողջությամբ վերականգնվել է: Այդ 11 միլիոնից 3 միլիոնն առաջացել է Վարչության շենքի վերանորոգման աշխատանքների ընթացքում, սակայն, ինչպես նկատեց Զաքարյանը, այդ գումարն արդեն վերականգնվել է: 8 միլիոն դրամի չարաշահումները բաժին են հասնում Հայաերոնավիգացիային: Չարաշահումների հետաքննության արդյունքում Հայաերոնավիգացիայի երկու աշխատակից հեռացվել է աշխատանքից, իսկ գումարը վերականգնվել է: Ինչպես նշեց Զաքարյանը, քաղաքացիական ավիացիայի ոլորտում խախտումների մեծ մասը պայմանավորված են օրենսդրական բացերով եւ խնդիրներով: Այսպես, համաձայն Հայաստանի օրենսդրության, ինքնաթիռներ շահագործող ընկերությունների գրանցումը կատարվում է բացառապես անվճար հիմունքներով: Հենց այդ պատճառով էլ հանրապետության տարածքում գրանցվել են ինքնաթիռներ շահագործող 12 ընկերություններ, բայց միայն դրանցից 3-ն են իրականում գործել Հայաստանի սահմաններում: Մյուս 9-ը սպասարկել են Աֆրիկա եւ Միացյալ Արաբական Էմիրություններ ավիաչվերթերը: Արդյունքում, այդ ընկերությունների գործունեության նկատմամբ որեւէ ֆինանսական վերահսկողություն գործնականում հնարավոր չէ իրականացնել:
Համեմատության համար Իշխան Զաքարյանը ներկայացրեց հետեւյալ թվերը. 2007-2008թ. 9 ավիաընկերություններ Հայաստանի պետբյուջե են վճարել ընդամենը 37 մլն 500 հազար դրամ: Մինչդեռ մյուս երեք ավիաընկերությունները՝ «Արմավիան», «Էյր Արմենիան» եւ «Արմաերո»-ն պետական գանձարան են մուծել 1 մլրդ 600 մլն դրամ գումար: Այդ գումարի առյուծի բաժինը վճարել է իհարկե «Արմավիան», որը հաշվետու ժամանակահատվածում շահագործել է 7-8 ինքնաթիռ եւ վճարել է 1 մլրդ 330 մլն դրամ: «Էյր Արմենիա» ընկերությունը 5 ինքնաթիռների շահագործման համար վարել է 212 մլն դրամ, իսկ «Արմաերո» ընկերությունը, որ միայն մեկ՝ դաշտերն ու անտառները ոռոգող ուղղաթիռ է շահագործել, վճարել է 41 մլն 300 հազար դրամ, ինչն ավելի շատ է , քան վերոնշյալ 9 ընկերությունները միասին վերցված:
Վերահսկիչ պալատի նախագահի խոսքերով, փոփոխման եւ լրացման է ենթակա եւ կազինոների ու խաղատների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը, որտեղ եւս մեծաթիվ չարաշահումներ են արձանագրվել: Գլխավոր վերահսկիչի զարմանքն են հարուցել նաեւ խոշոր ոսկերչական խանութների ցուցանիշները: Այսպես, նրա խոսքերով, «Պրիմա գոլդ» խանութը 2007թ. ներկայացրել է 200 գրամ ոսկու ներմուծում, իսկ 2008թ. 542 գրամ: «Մերկուրի» խանութը 2007թ ցույց է տվել 525 գրամ ոսկու ներմուծում, 2008թ. 433 գրամ: «Ջիանի» խանութը 2007թ.՝ 17 գրամ, իսկ 2008թ. 0 գրամ: «Անգամ ծիծաղելի է: Միայն մեկ առանձին վերցրած „լավ“ հարսանիքին նորապսակներն այդ խանութներից գնված ոսկերչական իրերի մի քանի կիլոգրամ են ստանում»: Նա նաեւ առաջարկեց վերցնել տեխնիկական վերահսկողության ծառայությունը, որի գործունեությունը կրում է զուտ ձեւական բնույթ: Այդ դեպքում պետբյուջեի ծախսերը կկրճատվեն 3-4 միլիարդ դրամով:
Արդարադատության նախարարությունում հայտնաբերված չարաշահումները կազմում են 65 մլն դրամ, բայց այդ գումարի կեսն արդեն վերականգնվել է: Մասնավորապես նախարարության Քրեակատարողական վարչությունում ազատազրկված անձանց սննդի համար նախատեսված 17 մլն դրամը ծախսվել է վարչության աշխատակիցներին պարգեւավճարներ տալու համար:
Սոցներդրումների հիմնադրամում հայտնաբերվել է 26 մլն 300 հազար դրամ, բայց այդ գումարը գործնականում ամբողջությամբ վերականգնվել է: Շինարարական աշխատանքների ընթացքում հիմնադրամի գործունեության շրջանակներում հետաքրքիր փաստեր են ի հայտ եկել, օրինակ՝ հին պատուհանաշրջանակների, մանրահատակի եւ առաստաղի հանումը, ըստ թղթերի, ավելի թանկ են արժեցել, քան դրանց փոխարինումը նոր շինանյութերով:
Սպորտի եւ երիտասարդության նախարարությունում հայտնաբերվել են 3 մլն դրամի չարաշահումներ՝ երիտասարդական ծրագրերի ոլորտում, եւ այդ գումարի կեսն արդեն վերականգնվել է: Իշխան Զաքարյանը հայտնեց, թե մտադիր չէ դիմել դատախազությանը՝ պետական կառույցներում հայտնաբերված ֆինանսական խախտումների փաստերով, քանի որ գումարի մեծ մասն արդեն վերականգնվել է:
Ինչ վերաբերում է մշակույթի նախարարությունում հայտնաբերված ահռելի ֆինանսական չարաշահումներին, Զաքարյանը նշեց, որ 191 մլն դրամից 50 միլիոնը արդեն վերադարձվել է: դատախազությունը քր.գործ է հարուցել 68 մլն դրամի չարաշահումների կապակցությամբ, որոնք պետք է գնային հուշարձանների վերականգնման գործին: Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում արձանագրված 400 մլն չհավաքված գումարների մասով Զաքարյանը նշեց, որ հանձնաժողովը արդեն հավաքել է այդ գումարից 300 մլն-ը:




























