ՆԱՏՕ-ն կշարունակի գործընկերությունը Երեւանի հետ: Մարտի 11-ին Երեւանում ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:

Նրա խոսքով, Հայաստանը կարեւոր ներդրում է կատարում Աֆղանստանում կայունության եւ անվտանգության ապահովման գործում` հավելելով նաեւ, որ Հայաստանը նաեւ ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն է իրականացնում: «Ես ասացի պաշտպանության նախարարին,  որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանին օգնում է նաեւ Դաշինքի շրջանակներից դուրս արդյունավետ իրականացնել առաքելությունները», - ասաց Ապաթուրայը:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ ցանկացած երկրում պաշտպանական ոլորտը կարող է կոռուպցիոն ռիսկերի ենթարկվել: Ապաթուրայը նաեւ  հայտնեց, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին: