Հայաստանի հետ մեր գործընկերությունը եւ մեր ամբիցիաները գտնվում են այն մակարդակում, որը ցանկալի է երկու կողմի համար։ Այս մասին մարտի 11-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մակարդակն ընդլայնելու մասին հարցին։
«Երկու նախարարների հետ հանդիպմանը ես ասացի, որ եթե ինչ-որ ավելին անելու ցանկություն առաջանա, մանավանդ կարգապահության կամ պաշտպանության ամրապնդման ոլորտում, ապա եկեք միասին ուսումնասիրենք այդ հնարավորությունները, եւ տեսնենք, թե ինչ կարող ենք անել»,- հայտարարել է Ապատուրայը։ Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի առաքելությունները եւ նրա գործունեությունը զարգանում են, եւ դրա հետ կապված՝ չի կարելի բացառել եւ այն, որ այդ գործունեության որոշակի զարգացումը կարող է իրականացվել հենց Հայաստանում՝ հավելելով, որ դա պետք է որոշի հայկական կողմը։ «ՆԱՏՕ-ի տեսակետից՝ հարաբերությունների խորացման համար չկա որեւէ քաղաքական խոչընդոտ, եւ ամեն ինչ կախված է բոլոր կողմերի պոտենցիալից եւ ձգտումներից»,- ամփոփել է նա։





























