Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքներից առանձնահատուկ հույսեր պետք չէ ունենալ, քանի որ Բաքուն հերթական անգամ փորձում է ձախողել բանակցությունները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը չի հրաժարվի իր ապակառուցողական քաղաքականությունից, ռազմատենչ հռետորաբանությունից եւ շփման գծում դիպուկահարներ օգտագործելու մարտավարությունից:
«Միաժամանակ Հայաստանը պետք է իր դիվանագիտական խողովակների միջոցով կարողանա ազդել միջազգային հանրության վրա, որպեսզի վերջինս ճնշում գործադրի Բաքվի վրա եւ ստիպի փոխել ղարաբաղյան հիմնախնդրի հարցում նրա քաղաքականությունը»,-նշեց Կարապետյանը` ընդգծելով, որ հայկական դիվանագիտությունը շփման գծում սադրանքը պետք է օգտագործի հօգուտ իրեն եւ միջազգային հանրությանը ցույց տա Բաքվի իրական դեմքը:
Հ. Կարապետյանի կարծիքով` բանակցային գործընթացում առաջընթացի հնարավոր չի լինի հասնել, քանի դեռ Ստեփանակերտը չի վերադարձել բանակցային սեղանի շուրջ: «Եվ Երեւանը պետք է հաստատակամ լինի այդ հարցում»,-նշեց պատգամավորը:




























