Վարչապետ Իմրան Խանի մեկնաբանությունների կապակցությամբ Պակիստանի բացատրություններից հետո Աֆղանստանն իր դեսպանին Իսլամաբադ կվերադարձնի՝ հայտնում է Reuters-ը։

Շաբաթվա սկզբում Խանը հայտարարել էր, որ Աֆղանստանում ժամանակավոր կառավարության ձեւավորումը կնպաստի ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց եւ թալիբների միջեւ բանակցություններին։ Քաբուլը դա գնահատել էր որպես միջամտություն Աֆղանստանի ներքին գործերին եւ հետ էր կանչել իր դեսպանին Իսլամաբադից։

Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը նույնպես հանդիմանել էր Պակիստանին՝ Twitter-ում գրելով, որ Իմրան Խանը չպետք է խառնվի Աֆղանստանի գործերին։

Պակիստանի ԱԳՆ-ի կողմից բացատրություններից հետո Աֆղանստանը որոշել է վերադարձնել դեսպանին։

1947թ․ Պակիստանի անկախացումից հետո Աֆանստանի եւ նրա հարաբերություններն այնքան էլ լավ չեն։ Աֆղանստանը երբեք չի ճանաչել բրիտանական գաղութատիրական կառավարման շրջանում անցկացված ընդհանուր սահմանը։

Երկար տարիներ Աֆղանստանը եւ ԱՄՆ-ը Պակիստանին մեղադրում են «Թալիբան» շարժմանը սատարելու մեջ՝ որպես Աֆղանստանում Հնդկաստանի ազդեցությունը սահմանափակելու միջոց։ Պակիստանը դա հերքում է։