ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին հավանության է արժանացրել ընկերություններին միջուկային էներգետիկ տեխնոլոգիաների վաճառքի վեց գաղտնի թույլտվություններ տրամադրելը եւ Սաուդյան Արաբիային օգնություն ցուցաբերելը՝ հայտնում է Reuters-ը։
Թրամփի վարչակազմը նպատակ ունի Սաուդյան Արաբիայի հետ միջուկային տեխնոլոգիաներ փոխանակելու գործարք կնքել, որի նպատակը առնվազն երկու ատոմակայանների կառուցումն է։
Փերիի հավանությունն ընկերություններին թույլ կտա կատարել միջուկային էներգետիկայի գործարքից առաջ նախապատրաստական աշխատանքները։
ԱՄՆ էներգետիկայի նախարարության միջուկային անվտանգության ազգային վարչությունը հայտարարել է, որ ընկերությունները պահանջել են, որպեսզի Թրամփի վարչակազմն այդ գործարքները գաղտնի պահի։
ԱՄՆ շատ օրենսդիրներ մտահոգված են, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային տեխնոլոգիաների փոխանակումը կարող է հանգեցնել Մերձավոր Արեւելքում միջուկային սպառազինության մրցավազքի։





























