Սաուդյան Արաբիայում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության 11 մեղադրյալների հանդեպ դատական փակ գործընթացները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին եւ պետք է բաց լինեն հասարակության եւ դատարանի դիտորդների համար։ Այս մասին հայտարարել է արտադատարանային մահապատիժների հարցով ՄԱԿ հատուկ զեկուցող Ագնես Կալամարդը, որը վարում է լրագրողի սպանության միջազգային հետաքննությունը։
Իր հայտարարության մեջ նա նշել է, որ ՄԱԿ ԱԽ դիվանագետները, որոնք ներկա են եղել որոշ լսումներին, «պոտենցիալ դատական սխալի մասնակից լինելու վտանգի տակ են», եւ, հնարավոր է, դառնան հանցակիցներ, եթե ապացուցվի, որ դատական գործընթացները տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտումներով։
Խաշոգջին, ով աշխատում էր The Washington Post-ում, սպանվել էր 2018թ․ հոկտեմբերին՝ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում։
ՀԿՎ-ն եկել է այն եզրակացության, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանն անձամբ է պատվիրել լրագրողի սպանությունը։





























