Ռուսաստանի Առաջին ալիքը որոշել է, թե «Եվրատեսիլ-2011» միջազգային երգի մրցույթում, որը տեղի է ունենալու մայիսին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում, ինչ երգով է ներկայանալու Ռուսաստանը:

«Ռուսաստանը մրցույթում կներկայացնի Get You երգը, որը կկատարի Ալեքսեյ Վորոբյովը»,- հաղորդել են Առաջին ալիքի հասարակության հետ կապերի վարչությունից:

Առաջին անգամ Get You երգը հանդիսատեսին կներկայացվի մարտի 12-ին «Աստղերի ֆաբրիկա. վերադարձ» նախագծի պրեմիերայի ժամանակ:

Ռուս մասնակցի համար երգը գրել է Lady Gaga-ի հիթերի հեղինակը՝ RedOne-ը: Նա գրել է նաեւ 2006-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երգը: RedOne-ը համագործակցում է Շակիրայի, Էնրիկե Իգլեսիասի, Ջենիֆեր Լոպեսի եւ այլ համաշխարհային աստղերի հետ:

Ալեքսեյ Վորոբյովը 23 տարեկան է, 2007-ին ստացել է «MTV 2007-ի բացահայտում» եւ MTV Russia Music Awards մրցանակները:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի Էմմին: Նա կկատարի Boom-Boom երգը: