ՄԱԿ-ը դատապարտել է Բրունեյի նոր դաժան եւ անմարդկային օրենքները, որոնք միասեռ սեքսի եւ ամուսնական անհավատարմության համար նախատեսում են քարերով ծեծելու միջոցով մահվան հասցնել, ինչպես նաեւ գողության համար ձեռքի անդամատում, հաղորդում է AFP-ն:

«Ես կառավարությանը կոչ եմ անում կանգնեցնել այս նոր հրեշային քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը, որն իրականացվելու դեպքում Բրունեյի ժողովուրդների իրավունքների պաշտպանության համար լուրջ հարված կդառնա», - ասել է ՄԱԿ-ի մարդու իրավուննքերի հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը:

Նոր օրենքը մահապատիժ է նախատեսում մի շարք հանցագործությունների համար, այդ թվում բռնաբարության, ամուսնական դավաճանության, սոդոմականության,Մուհամեդ մարգարեին վիրավորելուն կամ զրպարտելու համար:

Բաչելետը նշել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետների լայն շրջանակը «իր մտահոգությունն է հայտնել Քրեական օրենսգրքի  դաժան, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող պատիժների կապակցությամբ»:

Նրա մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ մի շարք քաղաքական գործիչներ եւ հայտնի մարդիկ, այդ թվում Ջորջ Քլունին եւ Էլթոն Ջոնը դատապարտել են նոր օրենքները եւ կոչ արել բոյկոտել սուլթանությանը պատկանող հյուրանոցները:

Բաչելետը Բրունեյին կոչ է արել հետեւել մահապատժի մասին օրենքները չկիրառելու հին ավանդույթին: Երկիրը վերջին անգամ մահապատիժ է կիրառվել 1957 թվականին:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նաեւ զգուշացրել է, որ նոր օրենքները կարող են խրախուսել բռնությունը եւ սեռի, սեռական կողմնորոշման եւ կրոնական պատկանելության հետ կապված խտրականությունը: