Մոսկովյան իշխանությունները կալանավորել են տաքսու 18 վարորդների, որոնք հետախուզման մեջ են եղել՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ ՆԳՆ-ում հայտնել են, որ օպերատիվ-պրոֆիլակտիկ միջոցառումների համալիրը Մոսկվայում անցկացվել է մարտի 20-29-ը։ Դրա նպատակը ուղեւորների փոխադրման ժամանակ, օրենսդրության պահանջներին համապատասխան, անվտանգության ապահովումն է, միգրացիոն խախտումների հայտնաբերումն ու կանխումը։
Նշվում է, որ Մոսկվայի տարածքում ստուգվել է 11 393 տաքսու վարորդ, որոնցից հաշվառված է 3698-ը։ Ոստիկանության աշխատակիցների կողմից կազմվել է վարորդների հանդեպ 54 758 արձանագրություն, որոնցից 898-ը միգրացիոն օրենսդրության խախտման ահամար վարչական պատասխանատվության կենթարկվեն։
«Օպերատիվ-պրոֆիլակտիկ միջոցառումների անցկացման շրջանակներում կալանավորվել է տաքսու 18 վարորդ, որոնք հետախուզման մեջ են գտնվում։ Հայտնաբերվել է 31 եւ բացահայտվել 43 հանցագործություն, որոնք իրականացվել են տաքսու վարորդների կողմից»,- հայտարարել են հաստատությունում։




























