Տնօրենի հաճախակի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում թատրոնի վրա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3–ին, Վանաձորում մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հետ հանդիպմանն ասացին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները։
Նշենք, որ Նազենի Ղարիբյանի որոշմամբ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանն ազատվել է պաշտոնից, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Լուսինե Սահակյանը:
«Անընդհատ ստոպ ենք լինում: Մարդը ուզում է գործ անել, անընդհատ տոռմուզ եք տալիս: Ցավոք, 95 թե 96 թվականից Ազգային Ժողովում այդպես էլ ծալված մնաց թատրոնների մասին նախագիծը: Համենայն դեպս, ինձ դուր չի գալիս այն մոտեցումը, որ աշխատող մարդուն վերցնեն, ասեն՝ դե դավայ, վեր կաց գնա: Եվ հաջորդը գա, սպասելով՝ որ իր հետ էլ է նույն կատարվելու: Եվ այսպես շարունակ…»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը:
Դերասան Վասիլ Նազլուխանյանը ասաց, որ իրենց նախկին տնօրենները միշտ որոշել են որևէ ծրագիր իրականացնել, սակայն չեն հասցրել, և կարծիք հայտնեց, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանը նույնպես չի հասցնի աշխատել, նրան էլ կհեռացնեն. «Շինարարության իմաստով ասեմ՝ բետոնը, որ լցնում են, սպասում են՝ 15 օր մնա, հետո նոր աբալովկեն քանդեն: Հիմա այդ 15 օրը չանցած՝ աբալովկա քանդողին հանում են: Լուսինե ջան, ես Ձեր դեմ ոչինչ չունեմ: Հիմա Ձեզ նշանակել են 2 թե 6 ամսով: Դուք այսօր ծրագիր եք ուզում անել, չէ՞: Ձեր ծրագիրն այդ ընթացքում չի հասցնելու կատարվել, որովհետև հետո էլ Ձեզ են հանելու: Է հետո՞, և միշտ ստացվում է, որ մենք հետ ենք ընկնում: Ագնեսան ինչ-որ բաներ էր որոշել, որ պետք է աներ, ստոպ տվեցիք, հիմա Լուսինեն մինչև ուզենա անել, էլի՝ ստոպ: Ու մենք՝ ստոպ, է հետո՞… չի կարելի, տիկին նախարարի պաշտոնակատար, մտածեք՝ ոնց է լինելու սա»,- ասաց Վասիլ Նազլուխանյանը:
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը դերասանական կազմին ասաց, որ այնպես չէ, որ այդ թատրոնում ամեն ինչ լուսավոր ու լավ է. «Թատրոնը նավը նստած՝ գնում էր դեպի պայծառ ապագա, ես էլ եկա ու կտրեցի այդ թելը»,- ասաց նա:
Նազենի Ղարիբյանի խոսքը շարունակեց մշակույթի նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ Սիրանույշ Ռափյանը՝ նշելով, որ թատրոնում տիրող ցանկացած խնդրի պատասխանատուն տնօրենն է, և մեկ ամիս առաջ թատրոնի գլխավոր հաշվապահը և գանձապահը աշխատանքից ազատվել են, քանի որ երկու աշխատողները եղել են մայր ու աղջիկ, և դա միայն տնօրենի մեղքն է:
«Ֆինանսական տեսանկյունից այդ խնդիրները շտկվեցին, հաշվետվությունները ճշգրտվեցին, ամեն ինչ պարզաբանվեց: Դա կոլեկտիվի խնդիրը չէր, որովհետև կոլեկտիվը պետք է զբաղվեր իր գեղարվեստական գործունեությամբ, բայց դա տնօրենի խնդիրն էր: Հենց այստեղ էլ գալիս է այն շեշտակի տարանջատումը, ինչի մասին խոսում է տիկին Ղարիբյանը, որ պետք է լինի գեղարվեստական ղեկավար, և պետք է լինի վարչարար տնօրեն, որը կզբաղվի այդ բոլոր հարցերով»,- ասաց Սիրանույշ Ռափյանը:
Նազենի Ղարիբյան դերասանական կազմին հիշեցրեց, թե ինչպես էին իրենք սրերով ընդունել նախկին տնօրեն Ագնեսա Շահնազարյանին: Բայց ներկաները չհամաձայնվեցին Նազենի Ղարիբյանի այդ պնդման հետ:
Նշենք, որ մարտի 29-ին Վանաձոր քաղաքի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանն ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից: Ագնեսան լրատվամիջոցներին հայտնել էր, որ իր պայմանագրի ժամկետն ավարտվել է, մշակույթի նախարարությունն էլ իրեն ազատել է պաշտոնից: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը հանդիպել է դերասանական կազմի հետ և ներկայացրել Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանին:





























