Ինձ հետ կապված պատմության մեջ ոչ մի քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում։ Այս մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, որը մեկ շաբաթ առաջ հանվել է նույն թատրոնի տնօրենի պաշտոնից՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով։

«Ի՞նչ կապ ունի այստեղ քաղաքականությունը։ Ես քաղաքական գործիչ չեմ։ Ես դրանով չեմ զբաղվում եւ չեմ հետաքրքրվում։ Ինձ համար շատ ավելի կարեւոր է Օպերայի եւ բալետի թատրոնի բարգավաճումը»,- ընդգծել է Օրբելյանը։

Նա միաժամանակ տարակուսանք է հայտնել Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատարի որոշման ու եզրահանգումների հետ կապված՝ տնօրենի պաշտոնում իր նշանակման ապօրինության առնչությամբ՝ նշելով, որ նշանակման մասին որոշումը կայացրել են նախկին իշխանությունները։ «Դատի տվեք այն ժամանակվա իշխանություններին եւ ինքներդ էլ որոշեք՝ օրինակա՞ն էր այն, թե՞ ոչ։ Ես չեմ խնդրել ինձ այդ պաշտոնին նշանակել, եւ դա կյանքիս իմաստը չէր»,- ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ հավելելով, որ եթե նշանակումն իսկապես ապօրինի էր, ապա նրան դեռեւս 10 ամիս առաջ կհանեին։

Պարզապես, Կոնստանտին Օրբելյանի կարծիքով, մշակույթի նախարարությունում, ամենայն հավանականությամբ, սպասում էին, որ նա ինքը կհեռանա։ «Բայց ես ինքս չեմ հեռանա։ Ինչպես՞ կբացատրեմ դա իմ կոլեկտիվին։ Ես չեմ կարող թողնել իմ թատրոնը։ Կամ դուք ինձ հեռացնում եք զբաղեցրած պաշտոնից, կամ հանգիստ եք թողնում։ Ես պետք է ասեմ, որ այս պատմությունն ինձ ազատելու հետ կապված դարձել է գրեթե աննախադեպ բազմամիլիոնանոց փիառ մեր թատրոնի համար։ Ամբողջ աշխարհն այս ամենի շնորհիվ իմացավ, որ Երեւանում կա օպերային թատրոն, որտեղ աշխատում են Օրբելյանը եւ հիանալի կատարողներ»,- նշել է նա։

Ի պատասխան խնդրանքին՝ մեկնաբանելու լուրերը, թե հեռանալուց հետո պատրաստվում է իր հետ վերցնել մի քանի երաժշտական գործիք, մասնավորապես՝ դաշնամուրը, Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ ոչ մի տեղ ոչինչ տանել չի պատրաստվում, թեեւ օրերս «Կենտրոնի» եթերում հակառակն է պնդել։ Ընդ որում՝ նա հավելել է, որ Երեւանում գոյություն ունի Կոնստանտին Օրբելյանի անվան երաժշտական դպրոց, եւ «եթե որեւէ մեկը հանկարծ որեւէ տեղ տեղափոխվի, ապա դա կտարվի այդ դպրոց»։

Ի պատասխան այն հարցի, թե  որտեղից է թատրոնը կուտակել պարտքեր եւ ինչպես է նա կապված դրանց հետ, Օրբելյանն ընդգծել է, որ ծախսում է իր փողերը եւ հովանավորների փողերը՝ հաստատությունը, նրա կոլեկտիվը պահելու, ներկայացումները, բեմադրությունները կազմակերպելու համար։ «Պետությունը դրա համար փող չունի... Ասում էին այն մասին, որ պետությունը պետք է մեզ գումար հատկացներ 50 հազար դոլարի չափով ավիատոմսերի արժեքը ծածկելու համար, բայց հեղափոխությունից հետո մեզ տեղեկացրին, որ իրենք այդ փողը չունեն։ Դե, չունեն՝ ուրեմն չունեն, մենք էլ այլ տեղերում փնտրեցինք ու գտանք այդ միջոցները Դուբայ հյուրախաղերը կազմակերպելու համար»,- տեղեկացրեց Հայաստանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

Կոնստանտին Օրբելյանը հիշեցրեց, որ տնօրենի պաշտոնն ստանձնել է 2017 թվականի փետրվարի սկզբին, իսկ աուդիտն անցկացվում էր 2016-ի դեկտեմբերից։ Աուդիտի արդյունքներն իրենք ստացել են նույն թվականի մարտին։ «Այնպես որ, ես պարզապես նստած էի թատրոնի տնօրենի աթոռին, երբ մենք ստացանք այդ թուղթը վարչարարական խախտումների մասին մշակույթի եւ ֆինանսների նախարարությունների միջեւ»,- ընդգծել է Կոնստանտին Օրբելյանը։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ ֆինանսական խախտումների մեջ իր մասնակցության հերքմամբ վերջին հարցազրույցում հանդես է եկել նաեւ ինքը՝ Նազենի Ղարիբյանը։

Օրբելյանը փաստել է, որ իր օրոք թատրոնը սկսել է վերադարձնել պարտքերը, որոնք կուտակվել էին նախկին ղեկավարության կողմից։

Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի պաշտոնից։ Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը մարտի 29-ին հայտարարել էր, որ նոր տնօրենի անունը հայտնի կդառնա ապրիլի 1-ին։ Դրանից հետո ԶԼՄ-ներում հնչեցվել են տնօրենի հավանական թեկնածուների անուններ, այդ թվում եւ «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանի անունը, որը հարսանիքներին թամադա է աշխատել։ Հայաստանում անցած գարնանն իշխանափոխությունից հետո Օրբելյանի եւ Հայաստանի մշակույթի այն ժամանակվա ղեկավարության միջեւ լուրջ տարաձայնություններ առաջացան։ Այն ժամանակվա նախարար Լիլիթ Մակունցը օգոստոսի 27-ի մամուլի ասուլիսում իր գործունեության 100 օրվա արդյունքներն ամփոփելով՝ մատնանշեց թատրոնում լուրջ կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Օրբելյանն ի պատասխան ասաց, որ մշակույթի նախարարության մտադրությունը՝ բաժանել տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները, համարում է սակավարդյունավետ գաղափար։ Իսկ Նազենի Ղարիբյանը, որը նաեւ Ֆրանսիայի քաղաքացի է, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանին ազատելու գլխավոր պատճառներից մեկն է նշել նրա ռուսալեզու լինելը՝ չպարզաբանելով, թե ինչ չափանիշներով է որոշվում հայերենին տիրապետելու աստիճանը։ Օրբելյանին կոլեկտիվի միահամուռ պաշտպանությունից, բողոքի ակցիայից հետո իշխանությունները մասամբ նահանջել են՝ տնօրենի պաշտոնակատար նշանակելով նրա տեղակալներից մեկին։