2020 թվականից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքերի բարձրացման դեմ բողոքող ավտոներկրողներն այսօր՝ ապրիլի 4–ին, բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի դիմաց։ Նրանց հետ զրուցել է ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը վերջին շրջանում պարբերաբար բարձրացնում է այս հարցն Ազգային ժողովում։

«Ես էսօրվա դրությամբ մեքենա ունեմ մաքսազերծելու, որի մաքսազերծման արժեքը կազմում է 3 մլն դրամ: Եթե փոխվեց 2020 թիվ, էդ մեքենան ես վաճառելու եմ, 500 հզ դրամ շահույթ կստանամ կամ չէ:  Հիմա ե՞ս շահեցի, թե՞ պետությունը»,– ասաց ավտոներկրողներից մեկը։

Միքայել Մելքումյանը համաձայնեց հնչող դժգոհությունների հետ և վստահեցրեց, որ այս խնդրով ինքն էլ մտահոգ է. «Եթե 20-25 հզ մարդ աշխատում է էդ մեքենաների գործով, ընտանիք է կերակրում դժվարություններով, քանի որ հեշտ գործ չի, ռիսկերը մեծանում են, բյուջե փողերը էլ չի գնա, և այդ մարդիկ երբ որ աշխատատեղ չունենան, նորից պիտի բռնեն արտագաղթի ճանապարհը: Սա ազգային անվտանգության հարց եմ համարում»,– ասաց նա։

Ավտոներկրողները դժգոհեցին նաև մեքենաների նվիրատվություններից չվճարված հարկերի դիմաց մինչև հիմա ստացվող տուգանքներից։ Ցուցարարներից մեկն իր հետ բերել էր ծրարների մի կապոց՝ տարբեր մարդկանց՝ ՊԵԿ-ի ուղարկած տուգանքների ծանուցումներով։

«Ձեզ մոտ բուժկետ դրեք, թող պետական եկամուտների ղեկավարությանը բուժզննման ենթարկեն: Կառավարությունում մենք խոսել ենք, այնտեղ համաձայնել ենք, հարկային օրենսգրքում փոփոխություն են արել, որպեսզի ԱԺ-ում քննարկվի: Իսկ Դավիթ Անանյանը դեռ տուգանքներ ա ուղարկում, Անանյանը տուգանելու համար հիվանդ ա»,– ասաց ցուցարարներից մեկը:

Միքայել Մելքումյանն ավտոներկրողներին առաջարկեց նամակ գրել ՊԵԿ նախագահին՝ խոստանալով հենց այսօր խոսել ՊԵԿ–ի հետ։

Հիշեցնենք, որ 2020թ.-ի հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4-5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը, ուստի 7 տարի եւ ավելի տարիք ունեցող մեքենաները նվազագույնը 4-4.5 անգամ թանկանում են, 5 տարի ունեցողները՝ 3-3.5 անգամ են թանկանում: