Ամփոփելով այս տարվա 8 ամիսների տնտեսական ցուցանիշները, ըստ որի տնտեսական անկումը Հայաստանում կազմել է 18,4 տոկոս, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իր սպասումներն ավելի լավն էին: Նա սպասում էր, որ նախորդ ամսվա ցուցանիշների համեմատ տնտեսական անկումը 18,5 տոկոսից նկատելիորեն կնվազի, կապված նրա հետ, որ 2008 թվականի օգոստոսին արդեն ցուցանիշները լավը չեն եղել, ուստի համեմատությունը պետք է, որ ավելի նվազ անկում ցույց տար:
Դրանից ելնելով, նա կանխատեսեց, որ տարվա վերջին ՀՆԱ անկումը կլինի ոչ թե 11-13 տոկոս, ինչպես ինքն էր կարծում, այլ 15 տոկոս:
«Նախորդ տարվա 8 ամիսների համեմատությամբ՝ Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է ավելի քան 400 մլրդ. դրամով, որից շինարարության բաժինը կազմում է 200-220 միլիարդ դրամ: Արդյունաբերության անկումը հասնում է 100 միլարդ դրամի: Եթե համեմատում ենք ԱՊՀ այլ երկրների հետ, ապա տնտեսական անկման ցուցանիշով ռեկորդակիր ենք, այդ թվում՝ նաեւ արդյունաբերության ոլորտում»,- նշեց նա ու հավելեց. «Մեր տնտեսությունում ստվերային եւ անկառավարելի գործընթացներ են սկսվել, որոնց վրա որեւէ ազդեցություն չեն թողնում անգամ կառավարության քայլերը»:
Այնուհետեւ անդրադառնալով արդեն 2010 թվականի կանխատեսումներին՝ Բ. Ասատրյանն ասաց. «2010 թվականին եւս անկում ենք ունենալու` 1,5-2 տոկոսի սահմաններում, այն էլ մի քանի նախապայմանների առկայության պարագայում, որոնցից են՝ միջազգային շուկաների կայունացումը եւ Ռուսաստանի տնտեսության մեջ աճի առկայությունը»: Նա նկատեց, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով դրական թվերով են փակել եվրոպական խոշոր երկրները, ինչպես նաեւ ԱՄՆ-ն ու Ճապոնիան: Անգամ Ռուսաստանում, 7 ամիսների տվյալներով, արդյունաբերական արտադրանքի եւ շինարարության ոլորտի աճ կա:




























