Օրինագծով առաջարկվում է քննարկել դատապարտյալների տեղաբաշխման հարցը, այդ թվում՝ քննարկել նրանց հետ մերձավոր ազգականների շփման պայմանները եւ հանգամանքները, ինչը զգալի նշանակություն կունենա դատապարտյալների ընտանեկան կյանքի պատշաճ մակարդակի եւ արտաքին աշխարհի հետ կապի ապահովման համար: Ապրիլի 5-ին Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում Քրեադատավարական օրենսգրքում եւ «Կալանավորվածների ու ձերբակալվածների պահման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ օրինագծերի փաթեթը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը օմբուդսմենի գրասենյակի հետ համատեղ աշխատանքի արդյունքում: «Արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու տեսակետից այս փաթեթում կարեւոր առաջարկ կա: Տվյալ խնդիրը բավականին երկար ժամանակ բարձրացրել են միջազգային կառույցները, օմբուդսմենը եւ Ազգային ժողովի պատգամավորները: Խոսքը դատապարտյալներին ազգականների եւ մտերիմների երկարաժամկետ այցերի հնարավորության տրամադրման մասին է, մասնավորապես՝ այն մասին, որ դատապարտյալի մերձավոր ազգականին թույլ տրվի 2 ամիսը մեկ այցելել ազատազրկման մեջ գտնվող քաղաքացուն»,- պարզաբանեց փոխնախարարը:

Ընդ որում՝ նա նշեց, որ նաեւ առաջարկվում է երկարատեւ այցելություն թույլատրել անձանց, որոնք դատապարտյալի ընտանիքի մերձավոր անդամներ չեն, նրա հետ ամուսնացած չեն, բայց ընդհանուր երեխաներ ունեն: Ասատրյանի խոսքով՝ այս տեսակցությունները նույնպես կանցկացվեն 2 ամիսը մեկ անգամ՝ 2 օր տեւողությամբ, որոնք, իհարկե, դատապարտյալի համապատասխան դիմումի առկայությամբ կարող են փոխարինվել կարճատեւ տեսակցությամբ:

Դրանից բացի, փոխնախարարը հստակեցրեց, որ օրինագծերի փաթեթի համաձայն՝ առաջարկվում է չեղարկել սգո եւ այլ միջոցառումներին դատապարտյալի կարճատեւ այցելությունների արգելքը, մասնավորապես՝ մերձավոր ազգականների հուղարկավորություններին, որոնք ծանր հանցագործությունների համար մեծ պատժաչափ են կրում: «Դատապարտյալին նաեւ կարճաժամկետ հանգիստ կտրամադրվի նրա երեխային մանկատուն կամ ազգականներին փոխանցելու դեպքում»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ իրենք նաեւ առաջարկում են չեղարկել մեկ խցում անձանց պահելու արգելքը, որոնք դատապարտվել են ցմահ բանտարկության եւ սահմանափակ ժամանակահատվածով:

Խորհրդարանական հանձնաժողովի դատին հանձնված օրինագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ: