Իշխող կուսակցության ներկայացուցիչն իմ ներկայացրած նախագծի մեջ քաղաքական կոռուպցիա է տեսնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ դա ստիպել է իրեն հանդես գալ քաղաքական հայտարարությամբ:
«Նախագծի բովանդակային մասն անտեսել ու ինչ-որ քաղաքական մեղադրանքներ ներկայացնելը, մեղմ ասած, կոռեկտ չի»,-ասաց նա՝ հավելելով, որ իր նախագիծը վերաբերում է նրան, որ եթե պատգամավորն իր լիազորությունների սահմաններում դիմում է պետական մարմիններին եւ մերժում է ստանում, դրա համար պատասխանատվություն սահմանվի:
«Եթե պատգամավորը չունի իրեն վերապահված լիազորություններն իրականացնելու երաշխիք, ապա այդ լիազորությունները մնում են թղթի վրա: Եղել են դեպքեր, որ մեր պատգամավորները դիմել են ՏԻՄ մարմիններին ու մինչ օրս պատասխան չեն ստացել: Հիմա առաջարկում ենք, որ լինի պատասխանատվություն նախատեսող նորմ, որը զսպաշապիկ կլինի պետական եւ ՏԻՄ մարմինների համար»,-ընգծեց Գեւորգ Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ իր հետ եղել է դեպք, որ գնացել է ձերբակալվածների պահման վայր, սակայն թույլ չեն տվել ներս մտնի՝ ասելով, որ պետք է լինի նախարարի թույլտվությունը, մինչդեռ այդ իրավունքը պատգամավորն ունի:
«Հակված եմ տեսել որոշակի առումով քաղաքական կոպմոնենտ այս նախագծերը մերժելու հարցում։ Որեւէ մասնագիտական հիմնավորում չի բերվում, բայց նախագիծը ստանում է բացասական եզրակացություն։ Ավելին ասեմ՝ ոչ միայն հանձնաժողովում է բացասական եզրակացություն ստանում, այլեւ անգամ լիագումար նիստի քննարկման առարկա չի դառնում, թող քննարկեն ու դեմ քվեարկեն»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորը չի բացառում, որ մեծամասնության կողմից իր նախագծերի մերժման հիմքում կարող է լինել իր կողմից կառավարության գործունեությանը բազմիցս քննադատելը: «Չեմ կարող ասել ամբողջ ընդդիմությանը, բայց սա իմ 4-րդ նախագիծն է, որը մերժվում է, դա էլ այն դեպքում, երբ նախագծերից 2-ը նախկին գումարման ԱԺ-ում արդեն մեկ ընթերցում անցել էին գրեթե նույն նախարարների կազմով։ Միտում եմ տեսնում նախագծերի մերժման, իսկ պատճառն այն է, որ հեղինականերից մեկը Պետրոսյան Գեւորգն է»,- ասաց Պետրոսյանը։
Պատգամավորն իր նախագծին դեմ քվեարկողներին հրավիրում է բանավեճի։ Նա նկատեց, որ իշխող ուժի պատգամավորներն իրեն մեղադրում են քաղաքական կոռուպցիայի մեջ, բայց «թեեւ հարգանքով եմ վերաբերում բոլորին, միեւնույն է, կարծում է, որ իրավագիտությունը մեծ զգուշավորություն է պահանջում»։
«Իրավական ակտի բովանդակային մասն անտեսել եւ ինչ որ քաղաքական մեղադրանքներ ներկայացնելը, մեղմ ասած, կոռեկտ չէ։ Այսօր մեզ դիմում են հարյուրավոր քաղաքացիներ տարբեր հարցերով, հինականում այդ հարցերին լուծում տալու համար պատգամավորը պետք է դիմի պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց նրանից տեղեկատվութուն ստանալու համար պատգամավորն իրավունք ունի անարգել այցելել ձերբակալված ու կալանավոված անձանց պահելու վայրեր, տեսակցել, պայմանները տեսնել։ Այս լիազորություններն ունեցող պատգամավորը, եթե չունի դրա իրականացման երաշխիք, ապա այդ լիազորությունները մնում են թղթին հանձնված բարի ցանկություններ»,- նշեց պատգամավորը։





























