Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է «Սիրանույշ Պապյանն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի» գործը:
Այս գործով փաստաբան Դավիթ Ասատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՄԻԵԴ գործը գրացնել է եւ տվել հերթական համար՝ Papyan v. Armenia 9371/19։
Նրա խոսքով, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված քրեական գործը Ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր, որից հետո գոծը մերժվել էր նաեւ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում:«Երբ վերջնականորեն Վճռաբեկ դատարանը 2018-ի օգոսոտոսին մերժեց մեր ներկայացրած Վճռաբեկ բողոքը, մենք ստիպված ներկայացրինք դիմում ՄԻԵԴ՝ նշելով այն խախտումները, որոնք մեր պետական ատյաններում պետությունը թույլ է տվել», ասաց Դավիթ Ասատրյանը՝ հավելելով, որ իրենք դիմել էին նաեւ Սահմանադրական դատարան, որը եւս մերժել էր դիմումը։
«Թե ինչ որոշումներ կկայացվեն, կկոմունիկացվի թե ոչ, չգիտենք, բայց մենք հուսով ենք եւ մեր հիմքերն ամուր են պնդելու, որ ՄԻԵԴ-ը մեր դիմումը կարող է քննության առնել»,-ընդգծեց փաստաբանը:
Նա տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ը երկու ասպեկտ ունի, առաջինը արձանագրում է խախտված իրավունքը, երկրորդը սահմանում է այն հատուցումը, որը ՄԻԵԴ-ը ճիշտ է գտնում խախտված իրավունքները վերականգնելու արդյունքում. «Առաջին փուլի դեպքում, հնարավորություն է ձեռք բերվում որպես նոր հանգամանք դիմել Վճռաբեկ դատարան եւ գործը վերաբացել: Այդ դեպքում հնարավոր է, որ Վճռաբեկ դատարանում գործը վերաբացվի եւ գործը վերադառնա Ընդհանուր իրավասության դատարան»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրող Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, հակադարձել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։
Այս միջադեպի առնչությամբ, ՀՀ ԱԺ արդեն նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներողություն է խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից. «Անկախ կոնկրետ միջադեպից, բոլորս՝ եւ լրագրողները, եւ ոստիկանությունը, եւ քաղաքական գործիչները, եւ մեր քաղաքացիները պետք է ձգտենք պահպանել կոռեկտություն: Եթե լրագրող Սիրանույշ Պապյանը վիրավորվել է, ես որպես իշխանություն Սիրանույշից ներողություն եմ խնդրում»,- ասել էր Շարմազանովը: ՀՀ ոստիկանապետի արարքն անընդունելի են համարել նաեւ մի շարք պատգամավորներ, այդ թվում Նաիրա Զահրաբյանը, Սամվել Ֆարմանյանը եւ այլք:
Լրագրողական կազմակերպությունները նույնպես հայտարարություն են տարածել՝ պահանջելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հրապարակային ներողություն խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից եւ այսուհետ թույլ չտալ վիրավորական արտահայտություններ լրագրողների հասցեին:





























