Գրավատները կարող են միավորվել, եւ այդ ոլորտում տեղի կունենա առավել խոշոր դերակատարների ընդլայնումը մյուսների հաշվին: Այդ մասին ապրիլի 5-ին Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձաժողովի նիստին Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը քննարկելիս հայտարարել է հիմնական զեկուցող, Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ գրավատների եւ փոխանակման կետերի գործունեության համար հարկերը բարձրացնելու իրավիճակը մեկնաբանելով:

«Անգամ երկրում գրավատների եւ փոխանակման կետերի բացակայության դեպքում բանկերը կկարողանան լիարժեք իրացնել իրենց տրամադրած ծառայությունները՝ փոխարինելով գրավատներին ու փոխանակման կետերին այդ շուկայում: Սակայն, առաջարկելով տվյալ օրինագիծը, մենք բոլորովին չենք ենթադրում, որ մեր երկրում գրավատներն ու փոխանակման կետերը պետք է փակվեն»,-պարզաբանել է Պողոսյանը:

Ընդ որում՝ նա նշել է, որ Հայաստանում գրանցված են 129 գրավատներ, որոնք անցած տարի վճարել են ընդամենը 148 մլն դրամ, եւ 17 բանկեր, որոնք վճարել են 49 մլն դրամ հարկերի տեսքով:

Նիստին ներկա էին նաեւ գործարարներ, գրավատների եւ փոխանակման կետերի սեփականատերեր, որոնք իրենց տեսակետն ու անհամաձայնությունն են հայտնել հարկերը բարձրացնելու շուրջ Կառավարության դիրքորոշման վերաբերյալ:

Մասնավորապես, նրանք նշել են, որ իրենց ամսական շահույթը, երբեմն, չի գերազանցում 100 հազար դրամը, ինչը հեգնանք է առաջացրել փոխնախարարի եւ որոշ պատգամավորների շրջանում:

Հիշեցնենք, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ վարկային կազմակերպությունները 500 հազար դրամի փոխարեն պետք է վճարեն 3 միլիոն դրամի չափով հարկ, վճարահաշվարկային կազմակերպությունները՝ 250 հազար դրամի փոխարեն մինչեւ 1 մլն դրամ, բանկային բյուրոները՝ 500 հազարի փոխարեն 1 մլն դրամ, բանկերը՝ 3 միլիոնի փոխարեն մինչեւ 7 միլիոն դրամ, գրավատները՝ 100 հազար դրամի փոխարեն մինչեւ 6 մլն դրամ, տարադրամի փոխանակման կետերը՝ 50 հազարի փոխարեն մինչեւ 3 միլիոն դրամ եւ փոխանակման դիլերները՝ 100 հազարի փոխարեն մինչեւ 3 մլն դրամ: