Ուֆայի տրանսպորտային դատախազությունը հետաքննում է, թե ինչպես էր կինն առանց նստեցման կտրոնի հայտնվել ինքնաթիռում «Ուֆա» օդանավակայանում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Ապրիլի 3-ի առավոտյան Ուֆայի միջազգային օդանավակայանում կինն առանց տոմսի եւ նստեցման կտրոնի մուտք էր գործել Utair ավիաընկերությանը պատկանող օդանավ: Արդյունքում պլանային չվերթը հետաձգվել էր 53 րոպեով»,- ուրբաթ «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Պրիվոլժսկիի տրանսպորտային դատախազի օգնականը:
Օդանավակայանի տեսախցիկներն արձանագրել են, որ կինն ու նրա ուղեբեռը՝ կանացի պայուսակը, երկու անգամ մանրակրկիտ ստուգման էին ենթարկվել օդանավակայանի համապատասխան սարքավորումների միջոցով վտանգավոր կամ արգելված իրեր եւ նյութեր հայտնաբերելու նպատակով:
Տրանսպորտի հարցերով Պրիվոլժնիի ՆԳՆ-ի մամուլի ծառայության աշխատակիցն իր հերթին հայտնել է, որ այդ կինը ներկայումս գտնվում է Ուֆայի բուժհաստատություններից մեկում:
«Նա ունի հիշողության կորուստ, հիվանդանոցում նրան տրամադրվում է բուժօգնություն: Նա նշել է իր ծննդյան տարեթիվը, անունը, ինչպես նաեւ ազգանունը նախքան ամուսնությունը. հայրանունը նա չի հիշում: Նշել է, որ բնակվում է Իվանովոյում: Հիշել է, որ պատահական տրանսպորտով մեկնել է Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաք: Չգիտի՝ ինչպես է հայտնվել Ուֆայում»,-պատմել է գործակալության զրուցակիցը:



























