Ադրբեջանը մինչ օրս ղարաբաղյան պատերազմի տարիներին անհետ կորածների մասին տվյալներ չի տրամադրում: Ապրիլի 6-ի ասուլիսում այս մասին հայտնեց Հայաստանի անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանը:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Հայաստանում եւ Արցախում անհետ կործաների թիվը հասնում է 1000-ի:
«Ավելի քան 2 տասնամյակի ընթացքում մեզ չի հաջողվել ադրբեջանական կողմից նրանց ճակատագրի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն ստանալ», - ասաց նա: Ընդ որում նա ուշադրություն դարձրեց այն փաստին, որ այդ հանգամանքը խոչընդոտում է նաեւ այս ուղղությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը:
Խոսելով գոյություն ունեցող խնդիրների մասին՝ Առաքելյանը մատնանշեց Հայաստանում անհետ կործաների մասին օրենքի բացակայությանը, ինչը կարող էր մասնավորապես մեծացնել նրանց ընտանիքներին տրամադրվող օգնության ծավալը: Տվյալ օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է մի քանի տարի առաջ, սակայն՝ ապարդյուն: Փորձագետը նաեւ նշեց ղարաբաղյան պատերազմի տարիներին մահացածների մարմինների փոխանցման եւ հետագայում ՀՀ տարածքում նրանց թաղելու ուղղությամբ պետական մակարդակով աշխատանքներ տանելու անհրաժեշտությունը:
Առաքելյանը Գերիների, պատանդների եւ անհետ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցության հույս հայտնեց: Նա նշեց, որ Հանձնաժողովի կազմում թավշյա հեղափոխությունից հետո որոշ փոփոխություններ են կատարվել:
«Այդ պատճառով մենք դեռ ծանոթ չենք Հանձնաժողովի բոլոր անդամների հետ: Հուսով եմ, որ ապագայում մենք հնարավորություն կունենանք նրանց ներկայացնելու մեզ հուզող հարցերը», - ասաց Առաքելյանը:



























