Գավառցի 16 տարեկան Սերյոժա Կոտոլկյանը 14 տարեկանից սկսել է սեփական տան նկուղում կախասնկի արտադրությամբ զբաղվել. Այժմ տղան սովորում է 10-րդ դասարանում:

NEWS.am-ի հետ զրույցում Սերյոժան պատմեց, որ արտադրությունը սկսել է ընդամենը 4 քմ տարածքում. «Դեռեւս 12 տարեկանից միտք ունեի ինչ-որ բան սկսելու, գրպանի գումար ունենալու, բայց կոնկրետ չկար մի բան, որից կսկսեի: Ու փորփրեցի համացանցը: Տեղեկատվություն քաղեցի ու քանի որ պահանջարկ կար մեր քաղաքում, սկսեցի գործել: Սկսել եմ 14 տարեկանից: Տատիկս է շատ օգնել ու հավատացել ինձ: Ծնողներս ասում էին իմ զբաղմունքի համար փորձեմ, բայց երբ տեսան, որ լուրջ եմ վերաբերում, իրենց աջակցությունը հայտնեցին: Սկզբից մեր տան նկուղում՝ 4 քմ տարածքում, 15 հատ պարկ կախեցի»,- պատմեց Սերյոժան՝ նշելով, որ ամեն պարկից 3-4 կգ սունկ է ստացվում 45-70 օրում:Սունկը վաճառում է 1300, մեծածախի դեպքում՝ 1200 դրամով:

Երիտասարդը պատմեց, որ առաջին ներդրումը 25 000 դրամ է եղել, որով կարողացել է պարկերը ձեռք բերել ու կահավորել տարածքը. «Առաջին գումարը տատիկս է տվել: Մի քիչ էլ ես էի հավաքել: Երբ ծնողներս բուֆետ գնալու համար գումար էին տալիս, չէի ծախսում, հավաքում էի: Իմ հավաքածով ու տատիկիս օգնությամբ էլ ձեռք բերեցի առաջին պարկերը ու կահավորեցի տարածքը: Մեկ տարի անց, սակայն, ընդլայնել եմ տարածքը: Այսօր արդեն 18 քմ տարածքում 60 պարկ ունեմ կախած»,-պատմեց Սերյոժան:

Սունկն իրացնում է տարածաշրջանում՝ քաղաքում եւ հարակից գյուղերում: Համագործակցում է մի քանի հարսանյաց սրահների, բանջարեղենի վաճառքով զբաղվող խանութների հետ:

Սերյոժա Կոտոլկյանը մեկ շաբաթ առաջ դրամաշնորհ է ստացել, որի շրջանակներում պիտի նոր սարքավորումներով ապահովի տարածքը: Առաջիկայում պլանավորում է ընդլայնել տարածքը: Մինչեւ ամառ այն պետք է 100 քմ տարածք ընդգրկի՝ 300 սնկապարկով՝ մոտ 5 անգամ ավել, քան այժմ:

Տղան ասում է, որ պահանջարկն այնքան մեծ է, որ չի հասցնում բավարարել բոլոր սպառողներին. «10-րդ դասարանում եմ սովորում: Հասցնում եմ: Պահ կա, որ սնկերին ավելի շատ ժամանակ պիտի հատկացնեմ, փորձում եմ տեղավորվել: Մեծերն ինձ շատ են ոգեւորում ու հպարտանում: Ասում են, որ իմ տարիքում դա շատ մեծ բան է, որ կարողանում եմ մի բան անել ու արդյունքի հասնել: Ընտանիքս ու ընկերներս շատ են օգնում, ես նրանց պարտական եմ, որ ինձ հավատացին ու իմ կողքին կանգնեցին»:

Ամբողջ գործընթացով՝ արտադրական եւ վաճառքի, զբաղվում է ինքը: Եկամուտներ ունի, բայց չի ծախսում, անընդհատ շրջանառության մեջ է դնում, որով էլ պայմանավորում է այն, որ իր գործն արագ տեմպերով աճում եւ զարգանում է:

Պատանի գործարարն իր հաջողության գրավականը համարում է իր չհիասթափվելը, ճանաչելիությունը եւ նաեւ տարիքը.

«Ինձ արդեն շատերն են ճանաչում, հրավիրում սեմինարների, հանդիպումների: Ու իմ մտածողության մեջ իմ հասակակիցների համեմատությամբ շատ բան է փոխվել: Հիմա ես ավելի շուտ եմ կողմնորոշվում, արագ եմ մտածում, երբեք չեմ դադարում նոր գաղափարներ ունենալ: Նաեւ շատերն իմ տարիքից ելնելով՝ գնում են իմ արտադրանքը, որ ինձ օգուտ լինի: Առաջիկայում հրավիրել են մեր մարզում սպասվող ներդրումային համաժողովին: Կարծում եմ, դա լավ հնարավորություն է ՝շփվելու գործարար միջավայրի հետ, նոր գաղափարներ ունենալու համար»,-ասաց Սերյոժան՝ այնուամենայնիվ շեշտելով, որ իր հույսը միայն իր վրա է դնում:

Սերյոժան ապրում է ծնողների, տատիկի եւ քրոջ հետ: Դպրոցում գերազանց է սովորում: Երազանքներ շատ ունի, որոնցից մեկը բժիշկ դառնալն է, ինչպես նաեւ բիզնեսի ոլորտում առաջ գնալը: Համոզված է, որ բարձունքների է հասնելու: