Հայաստանի կենտրոնական բանկը կրկին փորձում է լողացող փախարժեքի քաղաքականությունից անցնել ֆիքսված փոխարժեքի, երբ միայն սեպտեմբեր ամսին մեկ շաբաթում մոտավորապես 50-60 միլիոն դոլարի չափ ծախսելով, կայունացրեց փոխարժեքը: Այսօր նման տեսակետ հայտնեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, հավելելով, որ վերջին օրերին եւս ԿԲ-ն միջամտությունների գնաց եւ անգամ դրամի արժեզրկման պատկերի վրա, նկատելի էին այն զսպողական քայլերը, որն արեցԿԲ-ն:
Բագրատ Ասատրյանը կարծում է, որ ԿԲ-ն պետք է որ դեմ լիներ նման քաղաքականությանը, քանի որ մեկ անգամ արդեն այս տարվա սկզբին այդ քաղաքականությունը ցնցումների է հանգեցրել, ուստի նրա համոզմամբ, ԿԲ-ն դրան գնում է ոչ իր կամքով, այլ քաղաքական հրահանգի պատճառով, որը չկատարել չի կարող:
Հարցին, թե ինչո՞ւ է այնուամենայնիվ դրամի արժեզրկում տեղի ունենում, որ ԿԲ-ն էլ ստիպված լինի զսպել, նա պատասխանեց. «Հայաստանում 8 ամիսների տվյալներով ներմուծումը նվազել է մոտ 30 տոկոսով, արդյունաբերությունը` 12 տոկոսով, ինչը պետք է դոլարի պահանջարկի նվազում նշանակի: Մյուս կողմից՝ միայն արտաքին առեւտրի առումով դոլարի պահանջը նվազել է 500 միլիոն դոլարով: Տրանսֆերտները 8 ամիսների ընթացքում նվազել են 250 միլիոն դոլարի չափով: Եվ այս պայմաններում ակնհայտ է, որ միտումները պետք է տանեին նրան, որ դրամն անգամ արժեւորվեր, գումարած ամբողջ աշխարհում նկատվող դեֆլյացիոն պրոցեսները, բայց մեր տնտեսությունում հակառակը տեղի ունեցավ»:
«Այդ ինչպե՞ս եղավ, որ մեր տնտեսության մեջ դոլարի նկատմամբ պահանջը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 250 միլիոն դոլարով, չհաշված պաշտոնական տրանսֆերտները, որը հսկայական ռեզերվ է, որի մեջ մտնում են այս տարի ձեռք բերված վարկերը, (խոսքը 1 միլիարդ դոլարի մասին է), իսկ դրամն արժեզրկվում է»,- հարց տվեց նա ու ինքն էլ փորձեց պատասխանել դրան. «Ես կարծում եմ, որ վերջին ամիսների ընթացքում տնտեսության վրա ակտիվացավ քաղաքական գործոնների ազդեցությունը: Մի երեւույթ, որի հետ մենք գործ ունեցանք դեռ նախագահական ընտրությունների նախաշեմին եւ հիմա էլ նկատելի է: Խոսքը Հայաստանից փողի ու կապիտալի փախուստի մասին է»:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ եթե 18,5 տոկոս տնտեսական անկման պարագայում առեւտրի աճ է գրանցվում, նշանակում է, որ վաճառքի են հանվում «այն ռեզերվները, որոնք կենտրոնացված էին խոշոր առեւտրային սուբյեկտների մոտ, ովքեր վաճառվում են իրենց ռեզերվներն ու փողը դուրս բերում երկրից` դոլարի տեսքով»: Սա, ըստ նրա, անում են այն անձինք, որոնք կապված են իշխանության հետ, նստած են խորհրդարանում եւ ստանում են քաղաքական ազդակներ: «Խոսքը հայտնի զարգացումների` հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ խնդիրի կարգավորման հետ կապված զարգացումների մասին է»,- իր խոսքն ամփոփեց նա:




























