Ապրիլի 4-ին Մոսկվայում կայացած Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ ՏԶՆՆ զբոսաշրջության կոմիտեի եւ Զբոսաշրջության դաշնային գործակալության (ՌԴ) միջեւ 2019-2021թթ․ համատեղ գործողությունների ծրագիրը»:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը եւ Ռուսաստանի Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Կոնյուշկովը։

Ծրագիրը միտված է ամրապնդել բարեկամական կապերը երկու պետությունների ժողովուրդների միջեւ եւ նպաստել երկու երկրների տնտեսական զարգացմանը եւ զբոսաշրջային ներուժի աճին։

2019-2021թթ․ համատեղ գործողությունների ծրագրի  նպատակներից է․  

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ զբոսաշրջային հոսքերի ավելացումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ զբոսաշրջային փոխայցելությունների հետ կապված ընթացակարգերի դյուրացումը,

հայաստանյան եւ ռուսաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների միջեւ կապերի հաստատումը,

զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված փորձագետների եւ լրագրողների փոխանակումը,

երկու երկրների զբոսաշրջային կազմակերպությունների միջեւ զբոսաշրջային եւ հյուրընկալության ոլորտի կադրերի պատրաստման բնագավառում տեղեկատվության եւ փորձագետների փոխանակումը,

երկու պետությունների զբոսաշրջության ոլորտի կրթական հաստատությունների միջեւ համագործակցության զարգացումը եւ համատեղ կրթական ծրագրերի իրականացումը,

զբոսաշրջության ոլորտում ներդրումներ իրականացնող հայաստանյան եւ ռուսաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների միջեւ համագործակցության զարգացումը:

Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի առողջարանային եւ վերականգնողական ծառայություններ մատուցող առողջարանների եւ հյուրանոցների մեծ ներուժը եւ ցանկանալով նպաստել առողջարանային զբոսաշրջության զարգացմանն ու  առողջարանների որակի բարձրացմանը՝ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական կողմին տրամադրել  ամփոփ տեղեկատվություն Հայաստանի առողջարանային-վերականգնողական կազմակերպությունների վերաբերյալ։