Այսօր «Սպայկա» ընկերության հաշվին պետք է նստեր ավելի քան 67 մլն դոլար, ավելի քան 22 մլն դոլար մենք արդեն ապահովել էինք, որպեսզի 100 մլն դոլարանոց ծրագիր իրականացվեր: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:

Անդրադառնալով դատարանի որոշմանը, որով երկու ամսով կալանավորվեց ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը, նա ասաց. «Նորագավիթում ջերմոցներ էին կառուցվելու, ավելի քան հազար աշխատատեղ պետք է ստեղծվեր. «Այդ ծրագիրը տարիների աշխատանք է պահանջել, այդ ծրագիրը հաստատվել է կառավարության կողմից, իսկ դատարանի այս որոշումը կոտրեց այդ ծրագիրը:

Ստացվում է, որ կառավարությունը մշակում է ծրագրեր, գործարարները հավատում են այդ ծրագրերին, անձնական եռրաշխիքներ են տալիս տասնյակ, հարյուրավոր միլիոնավոր դոլարների, արդյունքում ՊԵԿ-ում նստած ինչ-որ մի չինովնիկ գրչի մի հարվածով կալանավորման միջնորդություն է ներկայացնում ինչ-որ ենթադրության հիման վրա»:

Կարեն Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենց ուզածը մեկն է՝ չկլանավորել մարդուն ինչ-որ մի ենթադրության հիման վրա. «Այս որոշումը խորտակեց կառավարության ամենամեծ ծրագիրը գյուղատնտեսության ոլորտում: Մեր ընկերությանը վարկեր են տրամադրել աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպություններ: Հիմա ամբողջ աշխարհը ծիծաղելու է մեզ վրա: Չի կարելի այսպես վերաբերվել գործարարների նկատմամբ: Դուք խորտակում ենք մեր պետության տնտեսությունը»:

Այս պահին բողոքի ակցիան դատարանի դիմաց շրունակվում է:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին դատարնը որոշեց երկու ամսով կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասi (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը  պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ: