ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը բողոքարկել է դատարանի կողմից իրեն 3,5 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե չե՞ք կարծում, որ մանդատը վայր դնելու անհրաժեշտություն կա, հատկապես, որ Էդուարդ Բաբայանը դեռ դատարանի դահլիճից դուրս գալիս հյայտարարել էր, որ եթե դատարանը հաստատի, որ ինքն այդ հանցանքը կատարել է, կհրաժարվի մանդատից, Ծառուկյանն արձագանքեց. «Բայց Բաբայանն ասաց, որ բողոքարկել է, որ այդ հարցը վերանայեն, որ այդպիսի բան չի եղել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման, սակայն, նա համաներմամբ ազատ է արձակվել։

Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Էդուարդ Բաբայանը 2018թ․ հուլիս 2-ին «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։

Հիշեցնենք, որ Բաբայանը 2018թ. օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից, իսկ 2018թ. դեկտեմբերի 9–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրվել պատգամավոր։

Պատգամավոր Էդուարդ Բաբայանը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման եւ համաներմամբ ազատ արձակվել