Իմ կարծիքով՝ հիմնականում օրենքի առաջ բոլորը հավասար են, դա պետք է իրավապահ մարմինները ապացուցեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի կալանավորմանը:
«Բայց այդ ընթացքում պետք չէ դադարեցնել արտահանումը, որովհետեւ դա մեծ վնաս կբերի: Պետք է ճիշտ քննարկել, նայել, որ եթե մարդը համապատասխան մեղավոր է, պետք է պատասխան տա, բայց առանց ապացուցելու իրավունք չունեն»,-ընդգծեց ԲՀԿ առաջնորդը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչության միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:
Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասi (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:





























