Ես մի քանի անգամ ասել եմ, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի կոչն է պահպանել խաղաղությունը եւ խնայել երիտասարդ զինվորների կյանքերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում իր դիտարկմանը, թե մեր հազարավոր զինվորներն Արցախում զոհվել են հանուն ոչնչի։

«Սիրելիներ, ինձ փոխանցեցին, որ Հայաստանում որոշ շրջանակներ կոնտեքստից կտրած են ներկայացնում «Ամերիկայի ձայն»-ին իմ հարցազրույցից մեկ հատված եւ ինձ վերագրում միտք, թե պատերազմում մեր զոհերը անիմաստ են եղել:

Նույն հարցազրույցում եւ հայկական մյուս լրատվամիջոցներին եւ ամերիկյան երկու հեռուստաընկերություններին տված հարցազրույցերում ես մի քանի անգամ ասել եմ, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի կոչն է պահպանել խաղաղությունը եւ խնայել երիտասարդ զինվորների կյանքերը:

Բայց ես նաեւ ասել եմ, որ եթե պատերազմ սկսվի, ոչ միայն Արցախի ՊԲ-ում ծառայող իմ որդին կլինի մարտական գործողությունների առաջնագծում, այլեւ ինքս եմ պատրաստ զենք վերցնել եւ պաշտպանել հայրենիքը:

Իսկ դա նշանակում է, պատրաստ լինել նաեւ ԶՈՀՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ:

Ուրեմն ինչպե՞ս կարող եմ ես հայտարարել, թե մինչեւ հիմա մեր զոհերը անիմաստ են եղել:

Միացյալ Նահանգներ իմ այցը անցնում է աննախադեպ օրակարգով, ընդունելությամբ եւ արդյունքներով, եւ ես կանխատեսում եմ, որ այս այցի վրա «սեւ հետքեր» կպցնելու փորձեր դեռ շատ կլինեն: Բայց ուզում եմ հավատալ, որ հայկական լրատվամիջոցները, որոնք ԱՄՆ-ում թղթակիցներ ունեն փոխանցում են այն մթնոլորտը, որով ուղեկցվում է այցը»,–գրել է նա: