Կոտ Դ´Իվուարի գործող ղեկավար Լորան Գբագբոն, ով չի ճանաչվում Արեւմուտքի կողմից, հայտարարել է, որ մտադիր է ազգայնացնել երկրի գլխավոր հարստությունը՝ կակաոյի արտահանման իրավունքը:
Ինչպես գրում է The Financial Times-ը, այս որոշումը պատասխանն էր Գբագբոյի մրցակից, ընդդիմության առաջնորդ Ալասան Ուատտարայի գործողություններին, ով հունվարին արգելել էր կակաոյի եւ սուրճի արտահանումը երկրից:
Նշվում է, որ ավելի վաղ Ուատտարան հայտարարել էր, որ արտերկրում կակաոյի վաճառքը «անօրինական ռեժիմի ֆինանսավորում» է նշանակում: Արտահանման նկատմամբ էմբարգոն պետք է տեւեր մեկ ամիս, սակայն փետրվարի վերջին էմբարգոյի ժամկետը երկարաձգվել է:
Հիշեցնենք, որ քաղաքական ճգնժամը «շոկոլադի երկրում» սկսվել է 2010-ի նոյեմբերին եւ արդեն սկսել է ազդել համաշխարհային տնտեսության վրա: Բանն այն է, որ Կոտ Դ´Իվուարն աշխարհում կակաոյի ամենախոշոր մատակարարն է: Հունվարի վերջին Ուատտարան արգելել է այդ ապրանքատեսակի արտահանումը, որպեսզի ուժեղացնի ճնշումը Գբագբոյի նկատմամբ, սակայն դա միայն հանգեցրել է կակաոյի համաշխարհային գների աճի:
Նշենք, որ լրատվամիջոցների հաղորդմամբ, վերջին օրերին այդ երկրում բռնությունների զոհ է գնացել 7 մարդ: Ընդհանուր առմամբ, քաղաքական ճգնաժամի ընթացքում Կոտ Դ´Իվուարում սպանվել է 365 մարդ, փախստականների թիվը անցնում է 200 հազարից:





























