Այս օրենսդրական նախաձեռնության պատճառն այն է, որ վերջին շրջանում ակտիվացել են ֆինանսական ծառայությունների, մասնավորապես՝ վարկերի տրամադրման հարցում իբր օգնության ցուցաբերման կամ աջացության գործունեությունը եւ գովազդը: Այս մասին ապրիլի 9-ին ԱԺ Ֆինասավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր, հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ օրինագծով առաջարկվում է սահմանափակել այդ կազմակերպությունների գովազդը, իսկ այս պահանջի խախտման դեպքում կիրառել վարչական տուգանք: Թանդիլյանի պարզաբանմամբ այն կորոշվի կառավարության որոշմամբ: «Կառավարության վերջերս տեղի ունեցած նիստի ժամանակ, օրինակ, առաջարկ հնչեց այս պահանջի խախտման դեպքում խախտողի նկատմամբ կիրառել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով տուգանք, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ 4000-ապատիկի չափով, եւ ես միանգամայն աջակցում եմ այս նախաձեռնությանը»,- ասաց հանձնաժղովի ղեկավարը:
Թանդիլյանը շեշտեց, որ իրավաբանական անձինք եւ կազմակերպությունները, որոնք նման կարգի «կասկածելի» ծառայություններ են մատուցում, ոչ մի կապ չունեն բանկային հատվածի հետ եւ հաճախ չարաշահում են քաղաքացիների վստահությունը:
Պատգամավորի խոսքով՝ բանկերը կարող են միանգամայն ինքնուրույն քաղաքացիներին տրամադրել ամբողջ անհրաժեշտ տեղեկությունները եւ զգալիորեն ավելի որակով, քան նման կարգի «ֆինանսական միջնորդները»: «Այս կազմակերպություններն իրենց ծառայությունների համար աներեւակայելի փող են ուզում: Այսպես՝ նման կարգի իբր ֆինանսական ծառայություններ մատուցող եւ որպես միջնորդ հանդես եկող կազմակերպությունների հետ համագործակցող քաղաքացին, որը նախատեսում է ստանալ 1 մլն դրամ վարկ, վերջնարդյունքում չափազանց բարձր տոկոսով պայմանավորված ստիպված է մուծել 1 մլն 300 հազար դրամ»,- պարզաբանեց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ նման կարգի մանիպուլյացիաները զգալի վնաս են հասցնում քաղաքացիների ֆինանսական եւ սոցիալական բարեկեցությանը:





























