Ես շատ եմ լինում զորամասերում եւ չեմ կարող կիսել կարծիքը, որ զինծառայության սկզբում ուսումնական փուլի կարճ լինելը կարող է մեկնաբանվել ցավալի դեպքերի պատճառ: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են օրենսդրական փոփոխություն իրականցնել, ըստ որի ժամկետային զինծառայողները առաջին մեկ տարում չպետք է մարտական հերթապահություն անել: Սրան դեմ է ՊՆ-ն:
Գաբրիել Բալայանը նշեց. «Որեւէ հիմնավորում չբերվեց առ այն, թե արդյոք այն դեպքերը, որոնք գրանցվել են, դրա պատճառը եղել է առնվազն 5 ամսվա ուսումնական փուլը, ոչ թե մեկ տարվա: Եկեք տեսնենք, թե արդյոք բանակում այն դեպքերը, որոնք ցավոք տեղի են ունեցել, պատճառը եղել է ուսումնական փուլի 5 ամիս լինելը, ոչ թե մեկ տարի լինելը: Ես համոզված եմ, որ այն սպաները, որոնք մշակել են 5 ամսվա ուսումնական փուլը, որոշակի դրա տակ կա գիտական հիմնավորում»,-ասաց նա:
Փոխնախարարի խոսքով, իրենք չեն կարող մեզ ճոխություն թույլ տալ եւ ռեսուրսային առումով եւ տեխնիկական հագեցվածության առումով, որ մի քանի անգամ զորամաս այցելելով եւ լսելով, որ ինչ-որ մեկը բողոք է հնչեցնում, դրա հիման վրա օրինագիծ ներկայացնենք:
«Օրենքում կան սահմանափակումներ, թե ով կարող է ընդգրկվել մարտական ծառայության մեջ: Եթե միակ արու զավակն է մնացել ընտանիքում, եւ մայրը, հայրը կամ քույրը, եղբայրը մարտական ծառայության հետ կապված զոհվել են, նրանք ազատվում են բանակից ընդհանրապես: Եթե միակ արու զավակ չէ, նրանք չեն ընդգրկվում մարտական ծառայության մեջ: Ըստ ներկայացված նախագծի, եթե մարդը ցանկանում է, առանց ուսումնական փուլն անցնելու էլ նրանց պետք է ընդգրկել մարտական հերթապահության մեջ»,-ասաց նա:





























