«Հայկական ժամանակ»-ի ունեցած տեղեկություններով, ռուսական «Գազպրոմ» ընկերությունում խիստ դժգոհ են Հայաստանում իրենց կատարած ներդրումների արդյունքներից: «Պատճառը գազի սպառման ծավալների անկմամբ չէ պայմանավորված: Ըստ մեր աղբյուրների, «Գազպրոմում»  հատկապես դժգոհ են իրենց պատկանող «Հրազդանի ՊՇԷԿ»-ի 5-րդ բլոկի գործունեության հեռանկարից: Խնդիրն այն է, որ «Գազպրոմը» հարյուրավոր միլիոնների ներդրում է արել 5-րդ բլոկում, եւ շուտով այն պետք է շահագործման հանձնվի: Բայց առայժմ հայտնի չէ, թե ով պետք է սպառի 5-րդ բլոկի արտադրած էլեկտրաէներգիան: 5-րդ բլոկը ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում կարտադրի մոտավորապես այնքան էնեկտրաէներգիա, որքան արտադրում է ատոմակայանը:

Արդեն այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ավելցուկ կա, բայց շոշափելի ծավալներ արտահանելու որեւէ հնարավորություն գոնե առայժմ չկա: Այդ պարագայում 5-րդ բլոկը պետք է կամ ընդհանրապես չշահագործվի, կամ էլ աշխատի իր հզորությունների մի մասով: Այս երկու դեպքում էլ «Գազպրոմի» իրականացրած ներդրումների վերադարձը հնարավոր չէ»: