ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կապ չի տեսնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած քննադատությանն եւ «Առինջ Մոլ»-ում ստուգումների հետ։
«Ձեր ասածը, թե քննադատությունից հետո ստուգումներ սկսեցին, ենթադրում է, որ կարող է քաղաքական որոշում կամ քաղաքական արձագանք լինի, բայց արդեն շատ ժամանակ է անցել եւ կարող եք համոզվել, որ մեր իշխանության գործելաոճի մեջ նման քայեր չկան։ Կարծում եմ՝ մեկը մյուսի հետ կապելն անտեղի է»,- այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Ալեն Սիմոնյանը նկատեց, որ այնպես չէ, որ ՊԵԿ համապատասխան վարչությունը մեկ օրում այս կամ այն տեղում ստուգումներ իրականացնելու որոշում կայացնում։
«Այնպես չէ, որ պարոն Ծառուկյանի ասածը ինչ-որ մի բան է: Պարոն Ծառուկյանը փորձառու քաղաքական գործիչ է, ասել է, դա չի նշանակում, որ մենք պիտի գնանք, ստուգենք, տեսնենք ինչ կա: Եթե բան կա, ստուգվելու է՝ անկախ նրանից պարոն Ծառուկյանը լավ բան կասի, թե վատ: Եթե բան չկա, անկախ նրանից՝ պարոն Ծառուկյանը վատ բան կասի, թե վատ բան չի ասի, որեւէ մեկը նրան չի անհանգստացնի»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ինքը դժգոհ չէ վարչապետի աշխատանքից, դժգոհ է նրա թիմի աշխատանքից: Դրանից մեկ օր անց՝ ապրիլի 9-ին, ՊԵԿ-ը ստուգումներ սկսեց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ Մոլ»-ում։





























