Ղարաբաղի իշխանությունները հետեւողական են Մարաղա գյուղում հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում: Ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում փորձագիտական լսումների ժամանակ ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը:
Նրա խոսքով՝ ԼՂՀ իշխանությունները Մարաղայի իրադարձությունների, ինչպես նաեւ Ադրբեջանի այլ հանցագործությունների մասին ներքին եւ արտաքին լսարանին իրազեկելու ակտիվ աշխատանք են կատարում: «Կարծիքը, թե Ղարաբաղի իշխանությունները Մարաղայի իրադարձությունների լուսաբանման քայլեր չեն ձեռնարկում, սխալ է: Ղարաբաղի իշխանությունները իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անում են, որպեսզի Մարաղայի իրադարձությունները աշխարհում լայն հրապարակայնություն ձեռք բերեն»,- շեշտեց նա:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում փորձագիտական լսումներ են ընթանում՝ նվիրված Մարաղա գյուղում ադրբեջանական զորքերի կողմից հայ խաղաղ բնակչության զանգվածային բնաջնջմանը:





























