«Իմ քայլը» խմբակցությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ փակ նիստի ժամանակ եղել է հարցուպատասխան, ի մի բերեցինք այն ամենը, ինչ այդ հարցերի շրջանակում քննարկվել է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել իր թիմակիցներից, նրանց մեղադրանքներ է ուղղել եւ անգամ խորհուրդ է տվել ավելի հաճախ լռել:

«Ոչ մի նման բան չի եղել: Ոչ մի պատգամավորի հետ խոսակցություն չի եղել: Ես եմ վարել նիստը, եղել է հերթագրում, հնչել են հարցեր, վարչապետը դրանց պատասխանել է: Որեւէ խնդիր չի եղել»,-ասաց նա:

Հարցին, թե վարչապեն ամեն բանից գո՞հ է եղել, Սիմոնյանն արձագանքեց, որ իրենք չէին հավաքվել, որ վարչապետը ասի՝ գոհ է կամ դժգոհ. «Մենք հավաքվել էինք, որ վարչապետը հնչեցնի այն հարցերի պատասխանները, որոնք ձեւավորվել էին մեր խմբակցության պատգամավորների մոտ: Այդ հանդիպումներն էլի են լինելու: Խնդրում եմ՝ չտրվեք սադրանքների, որ վարչապետը գալիս է, ձեռքը խփում է սեղանին, ու ասում՝ այ դու էդ բանը, որ ասեցիր, պետք է տենց չասեիր: Նման աշխատելաոճ կար նախորդ իշխանության ժամանակ»: