Ես չեմ ծանոթացել առանց դատարանի վճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման վերաբերյալ որեւէ փաստաթղթի, որտեղ կլինեն այնպիսի հիմնավորումներ, որոնք իրավունքի գերակայության շրջանակներում են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին Բարձրագույն դատական խորհրդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն՝ անդրադառնալով Հայստանում առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրմանը։
NEWS.am–ի հարցին, թե առկա սահմանադրական կարգավորումներն արդյոք թու՞յլ են տալիս նման մեխանիզմ ներդնել, Գագիկ Հարությունյանը պատասխանեց.
«Եթե իրավունքի գերակայությունը կերաշխավորվի, սահմանադրականության հետ կապված որեւէ խնդիր չի առաջանա, ապա իրավական ցանկացած լուծում կյանքի իրավունք ունի, ինչպիսին կլինի, ինչ նախագիծ մեջտեղ կգա՝ կփորձենք վերլուծել, մեր կարծիքն ասել»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ 2019թ. մարտի 1–ին ՀՀ վարչապետի որոշմամբ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման հետ կապված ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու եւ համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնելու նպատակով:





























