Դատավորը հայտարարել է, որ Ասանժի գործի քննությունը կշարունկավի հունիսի 12-ին Թագավորական դատարանում, մինչ այդ նա կալանքի տակ կլինի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշում է գործակալությունը, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Վեսթմինսթերյան դատարանի նիստում իրեն մեղավոր չի ճանաչել օրենքը խախտելու համար, երբ 2012-ին չի ներկայացել դատարան, որը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել:

«Մեղավոր չեմ», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Դատարանը բավարար չի համարել Ասնաժի փաստարկները, որոնց պատճառով նա որոշել է 2012-ին չներկայանալ դատարան:

Այն բանմից հետո, երբ 2010-ի նոյեմբերին Ինտերպոլը, իսկ նույն տարվա դեկտեմբերի 2-ին Եվրոպոլը նրան կալանավորելու կարգադրագիր էր տվել, Ասանժը հանձնվել էր Բրիտանիայի ոստիկանությանը, որտեղ այդ ժամանակ գտնվում էր:

Նա կալանավորվել էր, սակայն հրաժարվել էր Շվեդիա կամավոր արտահանձնումից, որտեղ նրան «սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, ոտնձգությունների եւ բռնաբարության» համար կալանքի կարգադրագիր էր տրվել:

Ավելի ուշ նրան 240 հազար ֆունտ գրավի դիմաց ազատ էին արձակել՝ մինչ Շվեդիայի արտահանձման դիմումը քննելը:

Որպես ժամանակավոր ազատման պայման՝ դատարանը նրան պարտավորեցրել էր հանձնել անձնագիրը, էլեկտրոնային ապարանջան կրել, մշտապես գտնվել Սուֆոլկ կոմսությունում՝ բնակության վայրում եւ ամեն օր գրանցվել տեղական ոստիկանության  բաժնում:

Երբ բրիտանական դատարանը որոշել էր Ասանժին արտահանձնել Շվեդիայի իշխանություններին, ավստրալացին, արտահանձնումից խուսափելու համար, 2012-ին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստան էր խնդրել:

Ասանժի գլխավոր երկյուղն այն էր, որ Շվեդիան նրան կարտահանձնի ԱՄՆ-ին, որտեղ ավստրալացուն սպառնում է 35 տարվա բանտարկություն կամ մահապատիժ ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար։ Առաջադրված մեղադրանքները Ասանժը հերքում է եւ դրանք անվանում քաղաքականացված։ 2017-ին Շվեդիայում նրա դեմ հարուցված գործը փակվել է, բայց Մեծ Բրիտանիան պնդում է, որպեսզի Ասանժը ձերբակալվի Լոնդոնում դատարան չներկայանալու համար։