Հայաստանը ողջունում է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը: Այս մասին ասվում է ԱԳՆ կողմից տարածված հայտարարությունում:

«Իտալիայի խորհրդարանի ընդունած որոշումը ևս մեկ կարևոր ներդրում է ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի իրավունքների հարգման և վերականգնման միջազգային հանրության ջանքերում։ Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության բարձրացումը ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կարևոր ուղերձ է»,-ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նախօրեին Իտալիայի Պատգամավորների պալատը ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը, Պալատը ընդունել է նախաձեռնություն, որը կոչ է անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ այդ հարցին միջազգային հնչեղություն տալ:Այս նախաձեռնության օգտին քվեարկել է 382, ձեռնպահ մնացել 43 մարդ: Նշվում է, որ ոչ ոք դեմ չի քվեարկել: