Երեւանի Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այսօր՝ ապրիլի 12-ին այգու դիմաց բողոքի ակցիա են անցկացնում. նրանց պահանջը չի փոխվել՝ շարունակում են պնդել, որ Երեւանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի պաշտոնանկությունը պարտադիր է։
Բողոքի ակցիայի համար այս անգամ պատճառ է հանդիսացել սպիտակ վագրի մոտ սխալ հիվանդության ախտորոշումը։
Այգու նախկին աշխատակիցներից մեկի խոսքով՝ Ամստերդամի բժիշկների կողմից վագրի մոտ լեյկոզ է ախտորոշվել, մինչդեռ Մոսկվայրի կենդանաբանական այգու գլխավոր բժիշկը ստուգելով կենդանուն՝ նրա մոտ բերանի խոռոչի քաղծկեղ է ախտորոշել։
«Այդ ախտորոշումն ակնհայտ անգրագիտության հետեւանք է։ Շատ մութ բաներ կար այդ ախտորոշման մեջ։ Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր բժիշկը հերքվեց լեյկոզի ախտորոշումը։ Այդտեղից կարելի է հետեւություն անել, որ Ամստերդամի, Եվրոպայի կենդանաբանական այգիների հետ համագործակցության հետեւանքով սխալ անալիզներ են ստացվել»,–ասաց նա՝ նշելով, որ դեռեւս պարզ չէ տվյալ կենդանում մոտ հայտնաբերված ուռուցքը չարորակ է, թե՝ բարորակ։
Նախկին աշխատակիցները պահանջում են աշխատանքից ազատել ոչ միայն այգու տնօրենին, այլեւ գլխավոր անասնաբույժին, անասնաբույծին եւ այգու համակարգողին։
Նրանց պնդմամբ՝ այգու տնօրինությունը այգին դիտավորյալ տանում է կործանման։
«Նպատակն այն է, որ իրենք ունեն սեփական հիմնադրամ, շատ շահավետ է, որ այգում կենդանիներ չլինեն, վաղը Ռուբեն Խաչատրյանը ձեռք բերի կենդանիներ եւ վարձակալությամբ տա այգուն»,–ասաց նա։
Նախկին աշխատակիցները գժգոհում են, որ այգու ղեկավարությունը աշխատանքից ազատել է լավագույն մասնագետներին։
Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգին նախորդ շաբաթվա սկզբում տեղեկություն էր տարածել, որ այգու բենգալյան վագրի մոտ լեյկոզ է ախտորոշվել:
Բինգո անունով վագրի բուժման աշխատանքներին աջակցելու համար Հայաստան էր ժամանել Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Միխայիլ Ալշինեցկին: Կենդանուն հետազոտել էին, սակայն նրա մոտ կատվազգիներին հատուկ լեյկոզի վիրուս չեն հայտնաբերել։ Փոխարենը սպիտակ վագրի մոտ բերանի խոռոչում ուռուցք էին հայտնաբերել։
Միխայիլ Ալշինեցին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ նման հիվանդությունների դեպքում կենդանու կյանքի տևողությունը բարձր չէ։





























