Իրական օրակարգի բացակայության դեպքում ՀՀ իշխանությունները ստիպված են կեղծն առաջ քաշել: Ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքագետ Արմեն Բադալյանը:

Փորձագետը նշեց, որ որոշակի ուժերին իր շուրջ համախմբելու նպատակով ցանկացած իշխանություն պետք է ունենա որեևէ կառուցողական նպատակ, հասնել ինչ-որ դրական գաղափարների իրականացմանը: Սակայն կա նաեւ երկրորդ ճանապարհը` թշնամու վրա ուշադրության կնետրոնացումը:

«Ներկայիս իշխանություններն անընդհատ որոշակի հակառակորդների են փնտրում: Նախընտրական շրջանում այդպիսին էին Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Այսօր այդպիսին են դառնում տարբեր ուժեր եւ նույնիսկ մաքսային աշխատակցի տեսքով անձը,  որը Փաշինյանի այցից հետո հեռացվել էր աշխատանքից», - ասաց նա:

Բադալյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ն, որն ընտրություններից հետո վարկանիշի ավելի բարձր տեմպ ունի, քան նույն «Լուսավոր Հայաստանը», տվյալ պահին իշխանության համար ժամանակավոր հակառակորդ է դարձել:

«Խորհրդարանի մշտական հանձնաժողովների ղեկավարության փոփոխության շուրջ բանավեճերը, Առինջ մոլի ստուգումները կեղծ օրակարգի ստեղծման նպատակ ունեն», - բացատրեց նա:

Անդրադառնալով «Սպայկա» ընկերության տնօրենի ձերբակալման հարցին, Արմեն Բադալյանը շեշտեց, որ տարբեր գործարարների նկատմամբ ակնհայտորեն տարբերակված մոտեցումներ են կիրառվում:

«Որոշ խոշոր գործարարների կարող են միայն տուգանքներով պատժել, ոմանց կալանավորել, ինչպես Դավիթ Ղազարյանին», - հայտարարեց քաղաքագետը` հավելելով, որ կատարվածը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Հայաստանի գրավչության բարձրացման տեսանկյունից օտարերկրյա ներդրողների համար: