Եվրոպայում բնակչությունը ծերանում է, ինչը աշխատուժի խնդիր է առաջացնում, սակայն եվրոպական երկրներն, այդ թվում եւ Մեծ Բրիտանիան փորձում են միգրացիոն քաղաքականությամբ լուծել այն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնդսդեյլը պատասխանելով հարցին, թե արդյոք մտահոգության կա՞ Եվրոպայում այն կանխատեսումների վերաբերյալ, որ մի քանի տասնամյակ հետո Եվրոպայում բնիկները փոքրամասնություն են կազմելու։ Ըստ դեսպանի՝ բրիտանական հասարակությունը ժողովրդավարական արժեքների կրող է, հանդուրժող՝ այլադավանության եւ այլակարծության նկատմամբ, եւ եկվորները պետք է ընդունեն այդ արժեքները:

«Ես չեմ ասում որ խնդիրներ չկան եկվորների եւ բնիկների միջեւ, դրանք այժմ բրիտանական հասարակության շրջանում լայնորեն քննարկվում են»,- նշեց Լոնդսդեյլը՝ ընդգծելով, որ նույնիսկ մահմեդականը կամ այլ կրոնի դավանողը պետք է հասկանա, որ եթե Բրիտանիայի քաղաքացի է, ապա նա այլեւս բրիտանացի է, որտեղ արդեն ձեւավորված են որոշակի արժեքներ, որոնց պետք է ինտեգրվել։

Ըստ նրա՝ աշխարհում այժմ շատ արագ է տեղի ունենում հաղորդակցությունն ու տեղաշարժը, ինչն էլ բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, ինչպիսիք են՝ ի՞նչ է ազգը կամ ազգային մշակույթը։

«Փոփոխությունները արագ են տեղի ունենում, եւ այդ փոփոխությունների ընթացքում Բրիտանիայի կառավարության առջեւ կարեւորագույն հարցերից է միգրացիայի արդյունավետ կառավարումը, մենք չենք ցանկանում ամբողջությամբ արգելել ներհոսքը, սակայն անհրաժեշտ է լավագույնս կառավարել այն»,- նշեց Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ նկատելով, որ Բրիտանական կղզիները իրենց տարածքով շատ սահմանափակ տարածք ունեն։ 

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ելույթով էր հանդես եկել, որում անդրադարձել էր Բրիտանիայում գործող մահմեդական կառույցներին, մասնավորապես նա ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ մահմեդական կազմակերպություններն ուսումնասիրելիս պետք  է ուշադրություն դարձվի նրանց սկզբունքների եւ արժեքների վրա։ «Պետք է հասկանալ, արդյոք նրանք ընդունո՞ւմ են մարդու ընտրության իրավունքը, կանանց եւ այլադավանների իրավունքները, իշխանություն ընտրելու ժողովրդի իրավունքը, ինտեգրացիայի կողմանակի՞ց են, թե՞ ներփակված ապրելու»,- նշել էր Քեմերոնը։ Այս խոսքերից հետո մեկնաբանները նշեցին, որ Քեմերոնը հետեւում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի օրինակին, որոնք նշել են, թե մուլտիկուլտուրալիզմը սպառել է իրեն։