Հյուսիսային Կորեայի իշխանությունները պահանջել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին հետ կանչել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման բանակցություններին մասնակցությունից, հայտնում է Yonhap-ը:
«Եթե Պոմպեոն շարունակի մասնակցել բանակցություններին, դրանք կարող են ձգձգվել: Այս պատճառով, եթե ԱՄՆ-ի հետ [ապամիջուկայնացման մասին] երկխոսությունը վերականգնվի, մենք կցանկանայինք, որ ամերիկյան կողմից մասնակցեր [արտահայտություններում] ավելի զգուշավոր եւ հասուն մարդ»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը: Նա դիվանագետին նաեւ մեղադրել է Փհենյանի դիրքորոշումը հասկանալու անընդունակության մեջ:
ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն Միացյալ Նահանգների պատվիրակության անդամն էր փետրվարի 27-28-ին Հանոյում անցկացված ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի գագաթնաժողովում, որի արդյունքներով կողմերին չէր հաջողվել համաձայնության հասնել: Մի քանի հանդիպումներից հետո, այդ թվում՝ դեմ առ դեմ, 2 երկրի առաջնորդներ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը համատեղ փաստաթուղթ չէին ստորագրել:





























