«ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի պաշտոնանկության լուրերին զուգահեռ հայտնի դարձավ նաեւ, որ իրավապահները որոշել են նոր թափով վերանայել փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության քրեական գործը: ՀՀ ոստիկանությունում պաշտոնապես հաստատում են, որ Մհերյանի սպանության գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից վերադարձվել է ոստիկանության վարույթ:

Մեր տեղեկություններով, այս փոփոխությունը անուղղակի կապված է Թամամյանի պաշտոնանկության հետ: Երբ արդեն ակնհայտ էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրթերով Թամամյանը մեղադրվելու է մի սպանության գործով ապացույցները կեղծելու եւ հանցագործներին պարտակելու մեջ, որոշվել է Մհերյանի սպանության գործը լրացուցիչ քննության նպատակով վերադարձնել ոստիկանությանը, քանի որ այդ գործի օպերատիվ հետախուզական մասը եւս ՔՀԳՎ նախկին պետն է ղեկավարել»,-տեղեկացնում է «Հայկական ժամանակը»: