«Ժամանակ»-ն իր առաջին էջում գրում է. «Վերահսկիչ պալատը ստուգումներ է սկսում Արարատի մարզում։ Առաջին հայացքից այս արարողակարգային լուրն իրականում կարող է բավական լուրջ ներքաղաքական նշանակություն ունենալ՝ հաշվի առնելով մի քանի հանգամանքներ։ Նախ՝ արդեն ավանդույթ է դարձել, որ Վերահսկիչ պալատն իր ստուգումների ընթացքում տարբեր գերատեսչություններում եւ մարզերում հայտնաբերում է պետական բյուջեի միջոցների տասնյակ եւ հարյուրավոր միլիոն դրամների չարաշահումներ։ Այսինքն՝ առնվազն տարօրինակ ու նաեւ շատ անհասկանալի կլինի, եթե հանկարծ Արարատի մարզը տարբերվի, եթե հանկարծ պարզվի, որ մարզը հրեշտակավան է, որտեղ պետական միջոցներ չեն յուրացվում։ Դրան հազիվ թե որեւէ ողջախոհ մեկը հավատա այն պատկերից հետո, որ պետական միջոցների տնօրինման հարցում երկու տարվա ընթացքում իր ստուգումներով բացահայտել է Վերահսկիչը։
Իսկ մյուս կարեւոր հանգամանքը այն է, որ Արարատի մարզը համարվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տիրույթը։ Աբրահամյանը ծնունդով այդ մարզից է, այն գրեթե ամբողջությամբ գտնվում է Աբրահամյանների վերահսկողության տակ՝ պետական կառավարման մարմիններից մինչեւ մասնավոր սեփականության զգալի մասը։ Վերջերս էլ մարզի ոստիկանապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանի ազգականը։ Այսինքն՝ եթե Իշխան Ջաքարյանը չարաշահումներ է հայտնաբերում մարզում, ապա դրանք աներկբայորեն առնչվելու են Հովիկ Աբրահամյանին։ Այլ կերպ ասած՝ ստացվելու է, որ հենց Հովիկ Աբրահամյանն է այդ չարաշահումների հեղինակը կամ տանիքը»: Հրապարակման հետագա տողերում կարդում ենք. «Կասկած չկա իհարկե, որ Հովիկ Աբրահամյանը դուրս կգա «թրի» տակից։ Կամ ավելի ճիշտ՝ նրան դուրս կբերեն, չեն թողնի թրի տակ։ Հարցն այն է, թե ի՞նչ ձեւով եւ ի՞նչ տեսքով դուրս կբերեն, ու արդյո՞ք նա դրանից հետո ի վիճակի կլինի հավակնել ներիշխանական գործընթացներում որեւէ լուրջ դերակատարության»:




























