Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան Կարեն Անդրեասյանը արձագանքել է մարտի 3-ին կառավարության շենքի մոտ ոստիկանների ու «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպին:
Ստորեւ ներկայացնում ենք այդ միջադեպի հետ կապված Օմբուդսմենի պաշտոնական գրությունը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին. «2011թ. մարտի 3-ին ՄԻՊ գրասենյակը հաղորդում է ստացել ՀՀ կառավարության շենքի մոտ բացօթյա առեւտրի արգելքի դեմ բողոքող անձանց եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից խաղաղ ցույցի իրականացման ընթացքում մարդու իրավունքների խախտումների եւ ոստիկանների կողմից լիազորությունների վերազանցման վերաբերյալ: Հանրապետության հրապարակ է մեկնել ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը եւ արագ արձագանքման խումբը: Նրանք չեն տեսել անօրինական որեւէ գործողության կատարում ո´չ ոստիկանների եւ ո´չ էլ քաղաքացիների կողմից: ԱԺ պատգամավորները տեղեկացրել են Պաշտպանին, որ ոստիկանները խոչընդոտել են քաղաքացիների՝ խաղաղ ցույց անցկացնելու իրավունքի իրականացմանը, ավելին՝ ինչպես վկայում են պատգամավորները բռնություն են կիրառել բողոքող քաղաքացիների եւ անձեռնմխելիություն ունեցող պատգամավորների նկատմամբ:
Հայտնում ենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից Պաշտպանին հասցեագրված բանավոր հաղորդման ընթացքում դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն ներկայացվել, հետեւաբար Պաշտպանը չի կարող տրամադրել Ոստիկանությանը վերը նշվածից բացի այլ տվյալներ»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանին խնդրել է հետամուտ լինել տեղի ունեցած միջադեպի հանգամանքների լրիվ եւ բազմակողմանի վերհանմանը: Պաշտպանը մասնավորապես առաջարկել է քննության ընթացքում հաշվի առնել ոչ միայն ոստիկանների ցուցմունքները, այլեւ ականատեսների վկայությունները:
Կ. Անդրեասյանը խնդրել է Ա. Սարգսյանին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանումներ տալ տեղի ունեցածի վերաբերյալ եւ տեղեկացնել քննության ընթացքի եւ արդյունքների մասին:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին կառավարության շենքի մոտակայքում ոստիկանների եւ պատգամավորների միջեւ բախում է տեղի ունեցել: Ըստ ցուցարարների, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ քաշքշել է Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարին գետնին են տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկվել ոստիկանություն:
Քաշքշոցի հետեւանքով, վատացել է մի կին, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել «Շտապօգնության» մեքենան, որի մեջ կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի վիճակը եւ բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել նրան:





























