Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը հայտարարել է, որ մտադիր է երկրում խորհրդարանական կառավարում մտցնել, հաղորդում է ՊՐԱՅՄ-ՏԱՍՍ-ը վկայակոչելով ազգային հեռուստատեսությունը։ 

Հենց դրան է ուղղված Սահմանադրության նոր նախագիծը, որը պետք է հաստատվի այս տարի տեղի ունենալիք հանրաքվեով:

Նոր սահմանադրության ընդունմամբ, կփոխվի նաեւ ընտրական օրենսգիրքը, հայտարարել է Սալեհը։

Խորհրդարանական կառավարման անցնելը ընդդիմության հիմնական  պահանջներից մեկն է: Ընդդիմությունը պահանջում է նաեւ Եմենի նախագահի հրաժարականը։

Սալեհն իր մարտի 5-ի ելույթում հայտարարել էր, որ չի պատրաստվում լքել նախագահի աթոռը եւ կշարունակի կատարել իր պարտականությունները մինչեւ 2013 թվականը:

Մայրաքաղաք Սանայում եւ այլ քաղաքներում այս օրերին բազմահազարանոց բողոքի ակցիաներ ու պիկետներ են տեղի ունենում՝ նախագահի հրաժարականի պահանջով, ով երկիրը ղեկավարում է արդեն 32 տարի: