Այն առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնց գները 30 օրվա ընթացքում կաճեն 30 տոկոսից ավելի՝ կառավարության կողմից կենթարկվեն գնային կարգավորման։ Այսօր՝ մարտի 10-ին կառավարության նիստում ընդունվել է որոշում՝ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային Ժողով՝ «Առեւտրի ու ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Ըստ այդ որոշման, կարգավորման ենթակա են 20 ապրանքներ՝ տավարի միս, հավ, ձուկ կենդանի, կաթ, կարագ, պանիր, ձու, կարտոֆիլ, սոխ, գազար, թեյ, ցորեն, բրինձ, հնկաձավար, ալյուր, արեւածաղկի ձեթ, մարգարին, շաքար, հաց, կերակրի աղ։
Եթե այս ապրանքների գները 30 օրվա ընթացքում աճեն ավելի քան 30 տոկոսով, ապա կառավարության լիազոր մարմինը (էկոնոմիկայի նախարարությունը) կսահմանի գնի վերին շեմ կամ առեւտրային վերադիրի չափը, սակայն ոչ ավելի՝ քան 90 օրով։
Այս օրենքի նախագծի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ միջազգային պրակտիկայում ընդունված է գների կարգավորման դաշտում պետության ուղղակի միջամտությունը, եթե դրա անհրաժեշտությունն առաջանում է։ Ըստ վարչապետի՝ սա հազվադեպ կիրառվող նորմ է, սակայն կունենա դրական ազդեցություն շուկայի մասնակիցների վրա։ «Մենք գտնվում ենք բարձր գնաճային փուլում եւ պետք է ունենալ գնաճի կարգավորման ամբողջական գործիքակազմ»,- հայտարարեց Տ. Սարգսյանը։
Սրա հետ կապված՝ կառավարությունը մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն է նախապատրաստել, ըստ որի տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է ներկայացնել փաստաթուղթ, թե ով է ապրանքի մատակարարը։ Եթե մեծածախ առեւտուր իրականացնողը ապրանք բացթողնելիս հաշվարկային փաստաթուղթ չտրամադրի, ապա կտուգանվի նվազագույն աշխատավարձի 400-500-ապատիկի չափով (այսինքն՝ 400-500 հազ. դրամ)։




























