Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում ընդունած հայտարարությունը գրոշի արժեք չունի, եթե կողմերի միջեւ փոխվստահություն չկա եւ այդ հայտարարությունից 24 ժամ առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայ զինվոր է սպանվում։ Մարտի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին  հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը։

Նրա խոսքով, հայտարարությունը որեւէ խնդիր չի լուծում, եթե դրա տակ չկա Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը։ «Կյանքի կոչել մի փաստաթուղթ կամ հայտարարություն, որի տակ չկա Ղարաբաղի ստորագրությունը, շատ բարդ է»,- նշեց փորձագետը՝ միաժամանակ հավելելով, որ որքան էլ փոքրածավալ, սակայն Սոչիում երեք նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը բավական հետաքրքիր ելեւջներ ունի։

«Դրա առաջին կետը, որը ռազմագերիների փոխանակության մասին է, վերաբերում է բացառապես Ադրբեջանին, քանի որ Հայաստանում  ադրբեջանցի ռազմագերիներ չկան։ Երկրորդ կետը, որտեղ ասվում է, որ պետք է ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն, հայկական կողմի համար նահանջ է արձանագրում։ Այլ բան է ինչ-որ բան ստանձնել եւ կատարելը, մեկ այլ բան՝ ինչ-որ բան անել փորձելը»,- նկատեց փորձագետը։

Բեքարյանը նաեւ ուշադրություն հրավիրեց այն  հանգամանքի վրա, որ նախագահների հայտարարության վերջում ասվում է. «Նախագահները պայմանավորվեցին շարունակել պարբերական շփումները` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»։ «Ի լրում ձեւաերպումը վիճելի է եւ ավելի ճիշտ կլիներ նշել, որ հանդիպումները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նկատեց նա։
Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում մարտի 5-ին ընդունված համատեղ հայտարարությունում մասնավորապես նշվում է.

 1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը
 2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ: