ՀՅԴ-ն չի պատրաստվում համագործակցել այն ուժերի հետ, որոնց նպատակը իշխանափոխությունն է եւ իշխանության գալը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: «Միշտ բոլոր ուժերի հետ էլ, հավանաբար, կարելի է համագործակցել, մենք այս երկրում ենք ապրում, բայց պիտի ճշտել` ի՞նչ օրակարգի շուրջ, ինչի՞ շուրջ համախմբվենք, հանուն ինչի՞: Եթե նպատակը իշխանության գնալն է, իշխանափոխությունն է, հանուն դրա մենք նպատակահարմար չենք տեսնում այդ տեսակ որեւէ համագործակցության, պիտի օրակարգ կամ կոնկրետ նպատակ լինի, այլապես շատ անհրաժեշտ չէ այս կան այն ուժի հետ համագործակցությունը»,-նկատեց ՀՅԴ-ական գործիչը` անդրադառնալով ՀԱԿ-ի հետ համագործակցության հավանականությանը:
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա, պատգամավորի խոսքով, կան կոնկրետ խնդիրներ, որոնց շուրջ համագործակցում են խորհրդարանում: «Սա այն դաշտն է, որ մեծ ու փոքր խնդիրներրի շուրջ հնարավոր է լինում համագործակցել: Կան հարցեր, որոնք մենք նույնկերպ ենք տեսնում եւ այդ հարցերի շուրջ ընդհանուր աշխատանք ենք տանում: Լինում են նաեւ հարցեր, որոնց վերաբերյալ տարբեր տեսակետներ են լինում, եւ յուրաքանչյուրն իր աշխատանքն է տանում: Բայց ապագան ցույց կտա, թե մեր ընդհանուր նպատակները որքանով են իրար համընկնում»,-նկատեց Շահբազյանը:
Ո՞րն է այն օրակարգը, որի շուրջ ՀՅԴ-ն կհամագործակցի ՀԱԿ-ի հետ, NEWS.am-ի հարցին Շահբազյանը պատասխանեց, թե համագործակցություն հնարավոր է ընտրական իրավունքի պաշտպանության նպատակով ՀՅԴ-ի նախաձեռնության շուրջ:




























